Սերժ Սարգսյանի մարտական ընկերը մարտական է տրամադրված …
Հրազդան քաղաքն ընդգրկող թիվ 25 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված անկուսակցական Սասուն Միքայելյանը Henaran.am-ի հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի այն խոսքերին, թե “մենք մեր մարտական ընկերների արյունը չենք ուրանում, չնայած ոմանք փոխել են իրենց հայացքները”: Սերժ Սարգսյանը այդ մասին ասել է երեկ, Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ: Սասուն Միքայելյանը ներկա չէր հավաքին, նա նույն պահին տարածաշրջանի գյուղերում ընտրողներին էր հանդիպում:
Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը ՀԱԿ համամասնական ցուցակում է, եւ ժամանակին ՀՀԿ անդամ է եղել: Նախորդ նախագահական ընտրություններին նա հեռացավ Հանրապետականից եւ կանգնեց ՀԱԿ-ի կողքին: Միքայելյանը նաեւ Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է:
Ինչ վերաբերում է քարոզարաշավին, ապա Սասուն Միքայելյանի խոսքով` նորմալ է ընթանում: Մեր այն դիտարկմանը, թե ի՞նչ է խոսում ընտրողների հետ, ունի նախընտրական ծրագիր` զարմացավ: “Ոնց կարամ առանց ծրագրի գնամ ընտրողի մոտ, իսկ խնդիրները շատ են”,-ասաց թեկնածուն:
Այս ընտրատարածքում բացի Սասուն Միքայելյանից առաջադրվել են ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանը, անկուսակցականներ Հովսեփ Գալստյանը, Մուշեղ Հարությունյանը: ՕԵԿ-ից առաջադրված, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը ինքնաբացարկի դիմում է տվել: “Էդ էլ տղա ջան, իրանց խաղերն ա, որ դնում են մինչեւ վերջ պիտի գնան..”,-ասաց Ս. Միքայելյանը` ավելացնելով, որ մի թեկնածու ավել կամ պակաս իր համար բան չի փոխում:
“Ես ծնվել եմ մարտական տրամադրված ու սաղ կյանքս էդպես եմ եղել: Գնալու եմ դեպի հաղթանակ”,-մեր հեռախոսազրույցի վերջում ասաց Ս. Միքայելյանը: