Հացադուլ ԿԸՀ-ի քթի տակ /ֆոտո, վիդեո/
Մարտի մեկի գործով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ասուլիսից հետո պատրաստվում է գնալ ԿԸՀ եւ մեկ շաբաթյա հացադուլ անել` բոյկոտելով մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները:
Արտավազդ Վարդանյանը մտավորականությանը եւ հասարակությանը կոչ է անում ինքնակազմակերպվել եւ այս ընտրություններին այլընտանք գտնել, սակայն ինքն անձամբ չի նշում, թե որն է լինելու այդ այլընտրանքը: Բանախոսը հայտարարեց, որ այս ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել: Նա նշեց, որ իր թիրախը լինելու են նախագահական ընտրությունները:
Արտավազդ Վարդանյանը հանդես է գալիս որպես անհատ գործիչ եւ որեւէ քաղաքական ուժ չի ներկայացնում: Նա նշեց, որ նպատակ ունի հացադուլի միջոցով գրավել հասարակության ուշադրությունը եւ հույս ունի, որ իրեն կմիանա նաեւ մտավորականությունը կամ գոնե այլընտրանք գտնելու հարցը քննարկման առարկա կդառնա:
Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպես է պատկերացնում այլընտրանքը, նա պատասխանեց, որ ‘’Սարդարապատ’’ շարժման գաղափարները կարող են այլընտրանք լինել:
Henaran.am-ի ճշտող հարցին` արդյոք բյկոտի նպատակը հեղափոխություն իրականացնելն է, նա հստակ պատասխան չտվեց ու նշեց, որ իր նպատակն է հասնել հասարակության ինքնակազմակերպմանը:
Արտավազդ Վարդանյանը կոչ արեց իշխանություններին թույլ տալ իրեն վրան տեղադրել ԿԸՀ-ի առջեւ: Նշենք, որ Արտավազդ Վարդանյանը Մաշտոցի այգու կրպակների ապամոնտաժման խմբի անդամներից էր: Այն հարցին, թե այգու խնդրի լուծումից հետո իր քայլն արդյոք նպատակ չունի թեժ թեմա ստեղծել, նա բացասական պատասխան տվեց եւ նշեց, որ մեկը մյուսի հետ չպետք է կապել:
Ասուլիսից հետո Արտավազդ Վարդանյանը շարժվեց դեպի ԿԸՀ: Արտավազդ Վարդանյանը տեղավորվել է ԿԸՀ առջեւ գտնվող այգու նստարաններից մեկին, հացադուլի դիմած քաղաքացին իր հետ բերել է հետեւյալ գրառմամբ պաստառ. “Կոչ հասարակությանը: “Կոչ հասարակությանը: Առանց մարտի 1-ի սպանդի բացահայտման, մայիսի 6-ի ընտրությունների ելքը կանխորոշված է: Կանխորոշված ելքով ընտրությունները չեն կարեղ լինել այս համակարգից ազատվելու ճանապարհ”:
Արտավազդ Վարդանյանին ուղեկցող ընկերը, որը ներկայացավ որպես Վոլոդյա , ԿԸՀ-ին տեղյակ պահեց, որ քաղաքացին այստեղ հացադուլ է հայտարարել, այժմ նրանք սպասում են ոստիկանության արձագանքին, մասնավորեպես` թույլ կտա արդյոք ոստիկանությունը տեղադրել հովանոց եւ վրան, թե ոչ: