Քարոզարշավի ընթացքում առաջընթաց կար լուսաբանման առումով. Ստեփան Դեմիրճյան
“Քարոզարշավի ընթացքում առաջընթաց կար լուսաբանման առումով, որովհետեւ համակողմանի լուսաբանվեց”,-հայտարարեց ՀԱԿ համամասնական ցուցակի 2-րդ համարը` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացնելով իր տպավորությունները քարոզարշավի ընթացքից:
ՀԺԿ առաջնորդը միաժամանակ ակնհայտ համարեց այն, որ իշխանության մեթոդները նույնն են մնացել ադմինիստրատիվ վարչական ռեսուրսի օգտագործման առումով:
“Մարդիկ հիասթափված են ԱԺ ընտրություններից, եւ չգիտես ինչու հույսը կապում են հիմնականում նախագահական ընտրությունների հետ”,-շեշտեց ՀԺԿ նախագահը եւ ընդգծեց, որ եթե քիչ թե շատ արդար ընտրություն լինի, ապա ՀԱԿ-ը ծանրակշիռ ներկայություն կունենա խորհրդարանում, իսկ մոտավոր ձայների քանակի կամ տոկոսային հարաբերության մասին ՀԱԿ ներկայացուցիչը գերդասեց չխոսել:
“Ամբողջական գնահատականը կտամ ընտրությունից հետո”,-հայտարարեց Դեմիրճյանն ու հավելեց, որ ՀԱԿ-ի համար մրցակից են համարվում բոլոր կուսակցությունները, որոնք մասնակցում են ընտրապայքարին, սակայն շեշտադրվեց ՀՀԿ-ի եւ կոալիցիոն ուժերի վրա:
Եթե ՀԱԿ-ն անցնի խորհրդարան Դեմիրճյանը վստահեցրեց, որ ժողովուրդը կշահի: “Սկզբունքային ուժ կլինի խորհրդարանում, որն ի շահ ժողովրդի կաշխատի”,-հայտարարեց ՀԺԿ նախագահն ու թիկնապահի ուղեկցությամբ հեռացավ:
Ի դեպ, ՀԺԿ առաջնորդի թիկնապահը լրագրողներին արգելեց մոտենալ Դեմիրճյանին, կանխելով ընդդիմադիր գործչի անմիջական շփումը լրագրողների հետ: