Արմեն Ռուստամյանը հույս ունի, որ ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի հետ ԱԺ-ում էլ կհամագործակցեն
Այն լուրջ բացասական երեւույթները, որոնք միշտ ընտրությունների ժամանակ եղել են, նորից մեզ անհանգստացնում են: Այսօր ընտրությունների վերահսկման նպատակով ստեղծված միասնական շտաբի նիստին այս մասին հայտարարել է ՀՅԴ-ական պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը:
“Նախ, ընտրակաշառք երեւույթը շարունակում է ծաղկում ապրել եւ դրա դեմ պայքարն այնքանով է բարդանում, որ ընտրակաշառք տվողն ու վերցնողը իրար հետ համագործակցում են”,-նշել է Ռուստամյանը:
ՀՅԴ-ականի խոսքով, այս քարոզարշավի ընթացքում եղան նաեւ բախումներ, հիմնականում մեծամասնականով առաջադրված պատգամավորների տեղամասերում: “Մարդկանց իրար դեմ են հանում. գյուղերում , մարզերում խայտառակ վիճակ է: Գերդաստաններ են իրար դեմ դուրս գալիս, բաժանումներ են տեղի ունենում, վերջում իրար հետ բաժանում են, ժողովուրդը մնում է”,-ասել է նա եւ հույս հայտնել, որ ԱԺ-ում էլ միասնական շտաբը կհամագործակցի եւ հարյուր տոկոս մեծամասնականին անցումն իրականություն կդառնա :
“Շատ հարցեր մեզ արդեն միավորել է համակարգային փոփոխությունների անելու իմաստով”,-նկատել է Արմեն Ռուստամյանը եւ հավելել. ”Մենք ամբողջական համագործակցության մեջ ենք տեսնում երաշխիքը, որ կարող է մի բան փոխվել”:
Արդյոք ասվածը նշանակում է, որ ՀՅԴ, ՀԱԿ ԲՀԿ կոալիցիան հնարավոր կլինի ընտրություններից հետ: Հարցին Ռուստամյանը պատասխանել է, որ ասվածը նախ եւ առաջ վերաբերում է ընտրական գործընթացի վերահսկման շուրջ ձեւավորված համագործակցությանը:
“Ինչ վերաբերվում է քաղաքական համագործակցությանը ԱԺ-ում, ընտրությունների արդյունքները պետք է ցույց տան: Կոալիցիաներ ասածը պետք է ձեւավորվի բնական ճանապարհով, չի կարող լինել կոալիցիա, երբ առանձին քաղաքական ուժ ինքնուրույն ձեւավորում է մեծամասնություն”,-ասել է Ռուստամյանը եւ հավելել, որ մեծամասնություն կազմող քաղաքական ուժն ինքը պետք է ստանձնի ողջ պատասխանատվությունը:
ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկար ՀՅԴ-ն չի տեսնում: Ռուստամյանը նշել է, որ Դաշնակցությունը ազգային, ժողովրդավարության եւ սոցիալական ուղղություններով ՀՀԿ-ի հետ համագործակցության եզրեր չունի եւ ՀՀԿ-ն, նրա խոսքով, չի կիսում իրենց տեսակետները: