ԿԸՀ ներկայացված 200 դիմում-բողոքներից 180-ը մեկ մարդու կողմից Է ներկայացվել
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դրական գնահատեց 6 կուսակցությունների պատրաստակամությունը` տեսաձայնագրել քվեարկության ընթացքը ընտրատեղամասերում:
Հիշեցնենք, ”Բարգավաճ Հայաստան”, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, Հայաստանի հանրապետական, ”Օրինաց Երկիր” կուսակցությունները հայտարարել են այդ մասին, այսօր նրանց միացել է “Ժառանգությունը” :
‘’Հարկ է նկատել, որ Ընտրական օրենսգիրքը սահմանել է կանոն, ըստ որի ԶԼՄ-ների ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդները առանց խախտելու քվեարկության գաղտնիության սկզբունքը, իրավունք ունեն իրականացնելու լուսա եւ տեսանկարահանում’’,- ասաց Մուկուչյանը:
Անդրադառնալով ԿԸՀ ներկայացրած դիմում-բողոքներին, ԿԸՀ նախագահը նշեց, որ ԿԸՀ-ն ստացել է 200 բողոք, որոնցից 180-ը ներկայացված են եղել մեկ քաղաքացու կողմից:
‘’Այդ դիմումները սկզբունքորեն չեն էլ տարբերվել մեկը մյուսից իրենց բովանդակությամբ եւ իրավական հիմնավորումներով, մնացած դիմում-բողոքները վերաբերել են առանձին դեպքերի: Այսօր, ընտրարշավի վերջին օրը կարող ենք արձանագրել մի բան, որ որեւէ ինստիտուցիոնալ խախտման կամ կազմակերպված բնույթ ունեցող խախտման երեւույթների վերաբերյալ ոչ մի դիմում-բողոք եւ անգամ ակնարկ չի եղել’’,- նշեց ԿԸՀ նախագահը:
Նրա խոսքով` իդեալական ընտրացուցակներ ունենալը շարունակում է մնալ գերխնդիր, եւ եթե ցուցակում առկա են անճշտություններ, դա վատ է, սակայն ընտրական ամբողջ գործընթացը չի սկսվում եւ չի ավարտվում ընտրական ցուցակի որակով, քանի որ ընտրական գործընթացն այդ ընտրացուցակների անճշտություններով հանդերձ չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրության արդյունքի վրա:
‘Ընտրական օրենսգիրքը ամրագրել է բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս լիարժեք կերպով վերահսկել ընտրական ամբողջ գործընթացը’,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
Վերջում նա արձանագրեց, որ այս ընտրություններով ընտրական մշակույթի նոր էլեմենտներ ներմուծվեցին հասարակության մեջ: