Արտակարգ պատահար Հանրապետության հրապարակում. Սերժ Սարգսյանն այցելել է տուժածներին /լրացված/
Քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է ՀՀԿ քարոզարշավի ամփոփիչ հանրահավաքը:
Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ` պայթել են գազով լցված փուչիկները: Պայթյունի հետեւանքով կան տուժածներ` հիմնականում երիտասարդներ, որոնք ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամներ են:
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածների մեջ ծանր վիրավորներ չկան: Մեր թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, որ պատահարը ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել գազայրիչի կայծից: Այս պահին տուժածների հստակ թիվ չի հաղորդվում: Նրանք հոսպիտալացվել են` շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են “Նաիրի”, “Արմենիա” բժշկական կենտրոններ:
Մեր տեղեկություններով, շուտով տուժածների առնչությամբ պարզաբանումներ կտա առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:
Նշենք, որ Հանրապետության հրապարակում իր ելույթն ավարտելուց հետո “Նաիրի” բժշկական կենտրոն` տուժածներին տեսության է գնացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անձամբ շփվել եւ զրուցել է տուժածների հետ:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը տեղեկացրել է, որ 50-ից ավելի տուժած կա: Բոլորի վիճակը բավարար է եւ միջին ծանրության: Բոլորին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել:
Մանրամասները` առաջիկայում: