Զոլյանին ներկայացրեցին որպես Վ.Բրյուսովի համալսարանի ռեկտոր
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սուրեն Զոլյանը խոսեց բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտության մասին:
Ասուլիսի վարողը ներկայացրեց նրան որպես Վ.Բրյուսովի անվ. Լեզվաբանական համալսարանի ռեկտոր եւ Հանրային Խորհրդի անդամ:
Ս.Զոլյանը շնորհակալություն հայտնեց իրեն այդպես ներկայացնելու համար, ներկայացնելով այն իրավական հիմքերը, որոնք, ըստ Զոլյանի, “ապացուցում են ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի գործողությունների անօրինական հիմքերը”:
Զոլյանը խոսեց համալսարանական ինքնավարության մասին,որը հռչակում է կրթության Բոլոնյան համակարգը: Սակայն նրա համոզմամբ՝ Հայաստանում խաթարված է բարձրագույն կրթության զարգացումը թե իրավական, թե վարչարարական առումով: Դրա վառ ապացույցը, ըստ Զոլյանի, իր հետ կապված աշխատանքային կոնֆլիկտն էր:
՛՛Գործում է ոչ թե Բոլոնյան սկզբունքը, այլ ֆեոդալական սկզբունքը, թե նախարարը միշտ ճիշտ է՛՛,- ասաց Ս.Զոլյանը՝ ընթերցելով արդարադատության նախարարի կարծիքը, որ ՛՛իրավունքի աղբյուրը դա նախարարի կամքն է՛՛:
Նա խնդիրը տեսնում է ընդհանուր կառավարման համակարգի մեջ, որովհետեւ անհավանական է թվում այն, որ ռեկտորը պիտի պահակ լինի եւ ենթարկվի ՛՛անօրինական հրամանների՛՛:
Զոլյանը նշեց, որ կա բարձրագույն կրթության մասին օրենք, բայց նախարարը ոչ մի ձեւով դա չի հիշատակում, այլ հիշատակում է ՊՈԱԿ-ների մասին օրենքը:
՛՛Նախարարը վկայակոչում է այն կետերը, որոնք իրեն են ձեռնտու, սակայն չի վկայակոչում այն կետերը, որոնք իրեն ձեռնտու չեն: ՊՈԱԿ-ների մասին օրենքով՝ ՊՈԱԿ-ի ղեկավարը պարտավոր է չկատարել վերադասի անօրինական հրամանները՛՛,- ասաց Զոլյանը:
՛՛Ես համարում եմ ինձ ռեկտոր, որի իրավունքները խախտվել են, ես արդեն դիմել եմ Վերքննիչ դատարան, եւ ուրախ կլինեմ, որ արդարությունը որքան հնարավոր է, շուտ վերականգնվի՛՛,- նշեց Ս.Զոլյանը՝ հավելելով, որ ինքը շարունակում է դասավանդել համալսարանում, որպես պրոֆեսոր: Նա հավելեց նաեւ, որ մի շարք հրավերներ է ստացել՝ դասավանդելու եվրոպական համալսարաններում, սակայն չի ուզում ՛՛դրան գնալ՛՛:
՛՛Ամեն վատ երեւույթ գալիս է նրանից, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրում: Վաղը կգա նոր նախարար, նա ինչ մեղք ունի այս պատմության համար: Շատ -շատ պետական բյուջեից ինձ փոխհատուցում կտան:
՛՛Ստեղծվել է մի համակարգ, որ եթե թուղթ ու գրիչ ունես, ուրեմն ցանկացած բան կարող ես ստորագրել՛՛,- կարծիք հայտնեց նա: