Հայաստանում կա 185 050 հաշմանդամ
“Պաշտոնական տվյալներով Հայաստանում 185.050 հաշմանդամ կա, որոնք ընդգրկված են հաշմանդամների տարբեր խմբերում, իսկ ոչ պաշտոնապես` նրանց թիվը շատ ավելին է”,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Փյունիկ” հաշմանդամների միության ՀԿ ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը եւ հավելեց, որ Հայաստանում հաշմանդամների վերաբերյալ բազում օրենքներ կան, սակայն դրանք կյանքի կոչելու անհրաժեշտություն է զգացվում:
Սարգսյանը նշեց, որ հաշմանդամների իրավունքները առավել ոտնահարված են աշխատանքի եւ կրթության ոլորտներում: “Շատ հաճախ գործատուն տեղյակ չէ, որ եթե հաշմանդամ աշխատող ունենա,ապա աշխատավարձի 50%-ը պետությունն է վճարում”,- շեշտեց հաշմանդամների հարցերով հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավարն ու հավելեց, որ նման օրենքներն ուղղված են հաշմանդամներին առավել ինտեգրելու հասարակությանը:
“Հաշմանդամ երեխաների հետ զբաղվող մասնագետների պակաս չունենք”,- հայտնեց ֆիզիոլոգ Արմինե Գրիգորյանն ու հավելեց, որ խնդիրը միայն ֆինանսավորման մեջ է: “Ֆինանսավորում չկա, ինչքան կարող է մասնագետը բարեգործություն անի, արտերկրում նման մասնագետների պակաս կա, վերջիններս գերադասում են արտերկիրը, որտեղ վարձատրում են ու բարձր”,- շեշտեց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի -5-ին հաշմանդամների իրավունքների պայքարի միջազգային օրն է: Հաշմանդամ անձանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2006 թ-ին եւ ուժի մեջ է մտել 2008 թ-ին:Հայաստանը այդ կոնվենցիան ընդունել է 2007 թ-ին վավերացրել 2010-ի մայիսին եւ սկսել է ուժի մեջ մտնել այդ կոնվենցիան 2010-ի հոկտեմբերից:
Այն երկրները. որոնք ընդունել են կոնվենցիան պարտավորվում են հավասար հնարավորություններ ստեղծել քաղաքացիների ու հաշմանդամների համար, որպեսզի նրանք իրենց զգան հասարակության լիարժեք անդամ: