Ոստիկանությունը դեռ լռում է
Պաշտոնական աղբյուրներն առայժմ մանրամասներ չեն հաղորդում երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին: Հիշեցնենք, որ ոստիկանությունը մի քանի վարկած է առաջ քաշել:
Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին փոխանցեցին, որ քննությունն ընթացի մեջ է: Ոստիկանության լրատվական ծառայությունում չհստակեցրին` քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ որ հոդվածով է հարուցվել: “Առաջիկայում կտեղեկացնենք”,-եղավ մեր հարցի պատասխանը:
Առայժմ միանշանակ հայտնի չէ նաեւ, թե ինչ գազով են լիցքավորված եղել փուչիկները: Մասնագետների խոսքով, նման հանդիսությունների ժամանակ օդ բարձրացող փուչիկները լցվում են հելիումով, որն իներտ գազ է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փուչիկներն, ամենայն հավանականությամբ, լիցքավորված են եղել մեթանով:
Նկատենք, որ քննարկվող վարկածների թվում նաեւ շրջանառվում է այն վարկածը, որ կատարվածը սադրանք է եղել ՀՀԿ-ի դեմ:
“Պետք է ճշտել, թե ի ՞նչ է լցված եղել փուչիկների մեջ, որից հետո պետք է եզրակացություն անել, թե դրա հետեւում ինչ է կանգնած` սովորական անփութություն, թե ինչ-որ միտում կար”,-Henaran.am-ին ասաց ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:
“Թե ինչով են լիցքավորված եղել փուչիկները, կպարզի քննությունը, որը դեռ ընթացքի մեջ է”,-հավելեց նա: Քննությանը մասնակցում են նաեւ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության մասնագետները: