Նախագահի վարկանիշը հաղթանակ բերեց ՀՀԿ-ին, ՀԱԿ-ի տոկոսները գնացին ԲՀԿ-ին ու “Ժառանգությանը”. փորձագետ
“Ընտրությունների ժամանակ կար մի զանգված, ովքեր քվեարկում էին մուրաբայի կամ այլ ընտրակաշառքի դիմաց, իսկ որոշներն ընտրում էին ինչ-որ բան փոխելու համար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը եւ հավելեց, որ քաղաքացիական հասարակության ձեւավորումը կամաց-կամաց սկսվում է իրագործվել:
“Մայիսի 6-ի ընտրությունների նախնական արդյունքներով առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած կուսակցությունները ադմինիստրատիվ ռեսուրսով ամեն օր աշխատանք են տարել ժողովրդի հետ, վերջին մի քանի ամիսների ընթացքում գրեթե անհնար է հասարակությանը գրավել”,- հայտարարեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը, եւ հավելեց, որ անցել են այն կուսակցությունները, որոնք հարուստ էին եւ մարդկանցով, եւ ռեսուրսներով: Վերջինիս կարծիքով` ԲՀԿ-ն նախատեսածից ավել ձայներ հավաքեց, իսկ ՀԱԿ-ի ձայները ԲՀԿ-ի պատճառով են պակասել:
ՀՀԿ-ն սպասում էր նման ջախջախիչ հաղթանակի, հարցին Տիգրան Քոչարյանը պատասխանեց , որ ՀՀԿ-ի հաղթանակը պայմանավորված էր նախագահի վարկանիշով ու ադմինիստրատիվ ռեսուրսների օգտագործմամբ:
Տեղեկատվական անվտանգության մասնագետը շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունները ուղղակի արտացոլեցին քաղաքական ուժերի շանսերը նախագահական ընտրություններին ընդառաջ:
“ՀԱԿ-ում հասկանում են, թե ուր են կորել իրենց ձայները: ՀԱԿ-ի տոկոսները գնացել են ԲՀԿ-ին ու Ժառանգությանը”,- հայտարարեց Քոչարյանն ու եզրափակեց, որ ինքը մինչ այժմ ՕԵԿ ակտիվիստի չի հանդիպել, եւ զարմանք է առաջանում որտեղից այդքան քվե ՕԵԿ-ին:
Ի դեպ, Տիգրան Քոչարյանի վստահեցմամբ` ֆեյսբուքահայությանը ավելի շատ հետաքրքրում էր ընտրության ընթացքը, եւ ոչ թե արդյունքները:
“Նրանք համախմբված գնացին քնելու ժամը 10-11-ին”,- հայտնեց սոցկայքերում ընտրության ընթացքին հետեւող տեղեկատվական անվտանգության մասնագետը: