Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՎԼ. Պուտինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նշելով ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ, բոլոր ոլորտներում ստեղծված միջպետական փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը և բարձր մակարդակի պայմանավորվածությունների հետևողական իրականացումը՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հենց այսպիսի բնույթի հայ-ռուսական փոխգործակցության ձևավորման գործում:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով, Վլադիմիր Պուտինի մշտական ջանքերն էլ ավելի են ամրապնդել մեր ժողովուրդների եղբայրությունը, բազմապատկել փոխադարձ աջակցության հունով հարցերի դրական լուծման փորձը:
“Հուսով եմ, որ Ձեր անփոփոխ ուշադրությունը հայ-ռուսական գործընկերության զարգացման նկատմամբ, մեր վստահալից անձնական երկխոսությունը հետագայում ևս կկանխորոշեն ընդհանուր ջանքերը՝ ի նպաստ մեր երկրների դաշնակցային փոխգործակցության, ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման”,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, եղբայրական Ռուսաստանին՝ խաղաղություն և բարգավաճում: