Ընտրողներին հնարավոր եղավ ՛՛համոզել՛՛ նյութական տեխնոլոգիաներով, այլ ոչ՝ գաղափարներով.քաղաքագետ
Ընտրությունները ինձ շատ հետքարքիր թվացին , այդ թվում նաեւ քարոզարշավը: Հենարան մամուլի ակումբում նման կարծիք հայտնեց ՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ խոսելով հետընտրական տրամադրությունների մասին:
Նրա խոսքով՝ հետաքրքիրն ու ուշագրավը ուժեղ մրցակցությունն էր, որը նույնիսկ ավելի ուժեղ էր, քան նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ : Մրցակցում էին միմյանց դեմ մի կողմից՝ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, մյուս կողմից՝ Ժառանգությունը, ՀԱԿ-ը, Դաշնակցությունը:
Քաղաքագետի համոզմամբ՝ այնպիսի լուսաբանման ազատություն, որը առկա էր այս ընտրություններին, աննախադեպ էր: ՛՛Ես ուշադիր հետեւել եմ Հ 1-ի եթերին, անգամ նա իր կողմից որեւէ սուբյեկտիվ կարծիք չի հնչեցրել, այլ հավասար հարթակ է տրամադրել բոլոր ուժերինէ` արտահայտելու իրենց կարծիքը՛՛,- նշեց Ալ.Իսկանդարյանը:
Ինչպես նշեց քաղաքագետը, այս ընտրությունների հիմնական գործիքը եղավ ոչ թե գաղափարը, այլ նյութական տեխնոլոգիաները: Այդ առումով՝ այն ուժերը որոնք շեշտադրեցին գաղափարները, պարտվեցին, իսկ մյուսները՝ ուղղորդվելով միմիայն տեխնոլոգիաներով ՝ հաղթեցին:
Ըստ Իսկանդարյանի, ընտրությունները ակտիվ էին, բայց նաեւ ցույց տվեցին մարդկանց հիասթափությունը, հոգնածությունը ընտրություններից ու կուսակցություններից, գաղափարական պայքարից: Մարդիկ միաժանակ կարող էին սթափ օբյեկտիվ դատողություններ անել կուսակցությունների վերաբերյալ, բայց միաժամանակ վերցնել մեկ բանկա մուրաբա:
՛՛Հասարակության այնպիսի քաղաքականացվածությունը, ինչպիսին կար Հայաստանում, դա էլ աննախադեպ էր, երբ տնային տնտեսուհիներից սկսած բոլորը խոսում էին քաղաքականությունից՛՛,- ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը մեծ նվաճում համարեց այն փաստը, որ շատ մարդիկ չեն վերցրել ընտրակաշառք:
Այն հարցին՝ արդյոք ընտրությունների արդյունքը արտահայտում է հասարակական տրամադրությունները, քաղաքագետը կարծիք հայտնեց, որ ուղիղ ընտրախախտումները այս ընտրությունների ամենակենտրոնական գործիքը չեն եղել, այլ ծախսվել են հարյուրավոր միլիոն գումարներ՝ ընտրողներին հրապուրելու համար:
՛՛Եթե մարդու քվեն արժեք չունենար, ինչու պետք է այդքան գումարներ ծախսվեին: Այնպես որ կարելի է ասել, որ ընտրողներին հնարավոր եղավ ՛՛համոզել՛՛,- եզրափակեց Ալեքսանդր Իսկանդարյանը: