Այս ընտրությունները քայլ առաջ էին. ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ ՀԿ
2012թ ընտրությունները անցկացվել են ազատ, արդար ու թափանցիկ, օրենքով սահմանված կարգով: Արձանագրվել է խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտ՝ ընտրական ընթացակարգերի պահպանմամբ, պահպանվել է բոլորի ազատության իրավունքը:
Այդ մասին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը: Կազմակերպության 4000 դիտորդները դիտարկել են ընտրությունները շուրջ 1975 ընտրատեղամասերում , դիտարկումները անց է կացվել ամենայն մանրամասնությամբ:
Հասմիկ Սարգսյանն արձանագրեց նաեւ թերություններ, ինչպիսիք են դրոշմակնիքների վաղաժամ անհետացումը, ընտրության օրը բարեգործություն անելը, տեղամասերից դուրս քարոզչություն անելը, տեղամասերում կողմնակի անձանց ներկայությունը, ընտրողների հերթերը, տեղային բնույթի քաշքշուկները, որոշ կազմակերպչական բնույթի թերությունները:
՛՛Ճիշտ է, առավոտյան կար մտահոգություն՝ դրոշմակնիքների վաղաժամ անհետացման հետ կապված, սակայն դրական էր այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն արագ արձագանքեց եւ միջոցներ ձեռնարկեց՛՛,- ասաց ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ հկ նախագահ Հարություն Համբարձումյանը՝ նշելով, որ իրենց արձանագրությունները եւ զեկույցը վերջնական չեն, քանի որ դեռ որոշ գործընթացներ լիովին ավարտված չեն:
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք այդ թերությունները ազդել են ընտրությունների վրա, Հարություն Համբարձումյանն ասաց, որ թեեւ եղել են մտահոգություններ, այնուամենայնիվ, դա այդ տոկոսը չի կազմում, որ հայտարարվի, թե ազդել է ընտրությունների արդյունքի վրա:
՛՛Համեմատելով նախորդ խորհրդարանական ընտրությունների հետ, արձանագրում ենք, որ թեեւ այս ընտրությունները հեռու էին կատարյալ լինելուց, այնուամենայնիվ, ընտրությունների օրը կարելի է բնութագրել որպես քայլ առաջ կամ որոշակի դրական տեղաշարժ արձանագրած գործընթաց՛՛,- ասաց Հարություն Համբարձումյանը: