Սպասվում է 7-8 բալանոց երկրաշարժ
Ապրիլի 7-ին Ադրբեջանում, Շեքի քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք (Զակատալի քաղաքից 19 կմ դեպի արևելք) տեղի ունեցած 5,9 մագնիտուդ (ըստ Ռիխտերի սանդղակի) ուժի երկրաշարժի ինտենսիվությունն էպիկենտրոնային գոտում հասել է 8 բալի:
Այս մասին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության “Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն” գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն ասաց, որ երկրաշարժի հետևանքով կան շենքերի, շինությունների որոշակի վնասվածքներ, տեղի բնակչության շրջանում որոշ խուճապ է առաջացել:
Զակատալիի շրջանի ղեկավարներն անմիջապես հավաքվել, անցկացրել են խորհրդակցություն, թե ինչ անեն, ինչպես վարվեն, որ հանգստացնեն ժողովրդին: Առաջիկայում գնահատվելու են վնասի չափերը: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Հայաստանի սահմանից 115 կմ հեռավորության վրա:
– Մեր տարածքում երեկվա երկրաշարժը զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ, – ասաց Հ. Պետրոսյանը:-4 բալ եղել է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Նոյեմբերյան-Մարտունի ուղղությամբ գտնվող բնակավայրերում, իսկ Երևանում, Գյումրիում, այլ բնակավայրերում 3 բալ է զգացվել: Բնակիչները զանգահարել են, մենք տեղեկություններ ունենք, և Երևանից են զանգահարել, և շրջաններից:
Ընդգծենք, որ 3 բալանոց երկրաշարժը մարդիկ սովորաբար չեն էլ զգում, մինչդեռ Երևանում էլ փաստորեն ոչ միայն զգացել, այլև ոմանք նույնիսկ ահազանգել են ՍՊԱԾ: Մեր դիտարկումների արդյունքում եկանք այն եզրակացության, որ մայրաքաղաքի մի շարք հատվածներում մարդիկ երեկ առավոտվա երկրաշարժն ընդհանրապես չեն զգացել` այն դեպքում, երբ այլ վայրերում, օրինակ, Կոմիտասի պողոտայի և հարակից բարձրահարկերում ոչ միայն զգացել, այլև ոմանք նույնիսկ տագնապել են:
Ի պատասխան մեր հարցի` հնարավոր է, որ մայրաքաղաքի առանձին հատվածներում` պայմանավորված գրունտով, ստորգետնյա ջրերի մակարդակով, երկրաշարժն արտահայտված լինի 4 բալով, գործակալության պետն ասաց` հնարավոր է, բացառված չէ:
Ըստ ՍՊԱԾ-ի մասնագետների, տարածաշրջանում կա 5,5-6 մագնիտուդի սեյսմիկ էներգիայի դեֆիցիտ, այսինքն` կուտակված և փաստացի անջատված էներգիաների միջև տարբերություն, ինչը նշանակում է, որ առաջիկա ամիսներին կամ մինչև տարեվերջ սպասվում է 7-8 բալանոց երկրաշարժ կամ դրա էներգիային համարժեք մի քանի թույլ երկրաշարժեր:
Հ. Պետրոսյանի հավաստմամբ, վերջին տարիներին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում և Հայաստանում արձանագրվում է սեյսմիկ ակտիվության աճ: