Այսօր Հաղթանակի եւ խաղաղության օրն է
Այսօր մայիսի 9 –ն է` Հաղթանակի եւ խաղաղության օրը: Հայրենական Մեծ պատերազում հաղթանակի 67-րդ, ԼՂՀ Պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանում եւ Արցախում տոնական տրամադրություն է, տեղի են ունենում միջոցառումներ պատերազմի վերետանների ու ազատամարտիկների մասնակցությամբ:
1992թ. այս օրը նշանավորվեց մեր նորագույն պատմության ամենափայլուն հաղթանակներից մեկով` ազատագրվեց հայոց հինավուրց Շուշի քաղաքը։ Սրանով բեկում մտցվեց ողջ Արցախյան պատերազմում:
Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով “Մարդասիրական միջանցքը” ` հասավ ՀՀ սահման: Դրանով Արցախյան շարժումը թևակոխել է որակական նոր փուլ: Լիակատար ու ամբողջական է դարձել ԼՂՀ անկախությունը:
Շուշիի ազատագրումով վերջնականապես ամրապնդվել է թվաքանակով ու միջոցներով գերակշռող թշնամուն սեփական ուժերով հաղթելու հավատը:
ՀՀ-ում և ԼՂՀ-ում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է “Շուշիի ազատագրման և հաղթանակի” օր: Արցախն այս օրը տոնում է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձը:Այս պահին Ստեփանակերտում զորահանդես է, որին ներկա են ՀՀ երկրորդ եւ գործող նախագահները եւ Գարեգին Բ կաթողիկոսը: