Գարեգին Բ -ի շնորհավորական ուղերձը
Հաղթանակի և Խաղաղության օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
“Սիրելի հավատավոր զավակներ մեր ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս,
Համայն հայության հոգևոր օրրան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ Մայիսի 9-ի` Հաղթանակի ու Խաղաղության օրվա բերկրալի առիթով:
Այսօր նշվում է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը, որ տոն է խաղաղության, չարիքի ու ատելության դեմ բարու և եղբայրսիրության հաղթանակի: Այս տոնը կրկնակի ուրախությամբ է լցնում սիրտը յուրաքանչյուր հայորդու, քանզի քսան տարիներ առաջ այս օրը` մայիսի 9-ին, ազատագրվեց հայրենի մեր Արցախ աշխարհի սիրտն հանդիսացող Շուշին: Շուշիի ազատագրումը դարձավ Արցախաբնակ մեր հայորդիների ազատության և ինքնորոշման աստվածադիր իրավունքի պաշտպանության հաղթական պայքարի առանցքային հանգրվաններից մեկը` ոսկե տառերով գրվելով ազգային մեր արդի պատմության տարեգրության մեջ:
Հոբելյանական այս օրը խոնարհումով ենք հիշում Մեծ Հայրենականի և Արցախյան հերոսամարտի տարիներին անձնուրացորեն սեփական կյանքը Հայրենիքին զոհաբերած մեր քաջազուն զավակներին` հայցելով, որ Բարեգութ Տերն հանգստություն պարգևի նրանց հոգիներին ու հանգչեցնի Իր լույս օթևանների մեջ:
Քրիստոսահաստատ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակեցույցն Աստված հարատև ու անսասան պահի խաղաղությունն արարչաստեղծ աշխարհում, ամրացնի եղբայրությունը, սերն ու հանդուրժողականությունը մարդկանց սրտերում, և մաղթում ենք, որ մարդկային միտքը, տաղանդն ու կարողությունները ծառայեն միայն բարի նպատակների ու հանուր մարդկության բարօր կյանքի ու առաջընթացի համար նպաստող ձեռնարկներին` իրականություն դարձնելով Եսայի մարգարեի կանխասացությունը, թե` Տերն այնպես պիտի փոխի մարդկանց սրտերը, որ «Նրանք իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն, և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել» (Եսայի Բ 4):
Թող Տերը երկնառաք օրհնությամբ` Ամենախնամ Իր աջի հովանու ներքո պահի և պահպանի Հայաստան և Արցախ Հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ ազգս Հայոց”: