Արտո Թունջբոյաջյանը “Երեկոյան Ուրգանտի” հյուրը կլինի /վիդեո/
Հայտնի ավանգարդ-ֆոլկ-ջազ “Armenian Navy Band” խումբը` երաժիշտ եւ կոմպոզիտոր Արտո Թունջբոյաջյանի գլխավորությամբ, ռուսական Առաջին ալիքի եթերում կմասնակցի “Երեկոյան Ուրգանտ” շոուին, հաղորդում է “РИА Новости”-ն:
Մայիսի 19-ին Մոսկվայի Երաժշտության տանը տեղի կունենա խմբի միակ համերգը: Լեգենդար երաժիշտ Բորիս Գրեբենշիկովն ընդհատել է իր համերգային շրջագայությունը, որպեսզի Երաժշտության տանը ելույթ ունենա Արտոյի հետ:
Արտոյի եւ նրա խմբի հին ընկեր, “Comedy Club”-ի անդամ, կինոդերասան եւ շոումեն Պավել Վոլյան եւս չէր կարող բաց թողնել այդ համերգը: Խմբի հետ նա կկատարի “Պլատոն” ֆիլմի սաունդթրեքը:
“Armenian Navy Band”-ը կազմավորվել է 90-ականներին Արտո Թունջբոյաջյանի կողմից: Խումբը հանդես է գալիս ֆյուժն ոճում` հայկական ազգային երաժշտության հետ սինթեզված: Խումբը նվագում է ինչպես հայկական, այնպես էլ ջազային գործիքներ` քանոն, զուռնա, դուդուկ, սաքսոֆոն, տրոմբոն, կոնտրաբաս, ստեղնաշարային եւ այլ գործիքներ:
Նախորդ տարի ամերիկացի հայտնի սաքսոֆոնիստ Փոլ Ուինթերի եւ նրա խմբի հետ համատեղ աշխատանքի համար Արտոն արժանացել է “Գրեմմի” մրցանակի: