Կոչ Արտավազդ Վարդանյանին՝ դադարեցնելու հացադուլը
Այսօր ՀՀ Քաղաքացիների ժողովը հաղորդագրություն է տարածել, որում կոչ է անում Արտավազդ Վարդանյանին՟ դադարեցնել հացադուլը: Մասնավորապես.
‘Հայաստանի հասարակությունը հերթական անգամ հիասթափված է ‘ընտրություններ’ կոչվող համապետական միջոցառումից, շատերը հուսալքված են: Իշխող խմբավորումը չկարողանալով լուծել երկրի առջեւ ծառացած բազմաթիվ հիմնախնդիրները, այնուամենայնիվ ամեն գնով կառչել է իշխանությունից եւ իր նպատակին հասնելու համար փորձում է հասարակության մի զգալի հատվածին իրեն հանցակից դարձնել, դրանով բարոյազրկելով մեզ բոլորիս: Այս անհուսության եւ բարոյալքման մթնոլորտում Ձեր քայլը հերթական ահազանգ է հասարակության համար, որ մեր երկիրը այլեւս չի կորող հաղթահարել հերթական համապետական անօրինականությունը եւ եկել է ժամը, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է ընտրություն կատարի:
Ձեր քայլը հասել է իր նպատակին: Ով ունակ է լսել ու հասկանալ, արդեն արել է իր հետեւությունը: Մենք կոչ ենք անում դադարեցնել հացադուլը. այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին անել, Դուք արդեն կատարել եք եւ կազդուրվելուց հետո նորից միանալ շատերի համար վերջին հույսը հանդիսացող ու արդեն թափ հավաքող քաղաքացիական շարժմանը’,- ասված է հաղորդագրության մեջ:
Henaran.am-ին հաղորդում են ‘ՀՀ Քաղաքացիների ժողով’ նախաձեռնության մամլո գրասենյակից