Փորձաքննությունը հաստատել է, որ բռնաբարել է. գյուղապետի գործը կուղարկվի դատարան
Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի քրեական գործի նախաքննությունը ավարտված է, եւ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց անչափահաս աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը:
Ըստ նրա, փորձաքննությունները հաստատել են, որ Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին: Քննիչ Մխիթար Տիգրանյանի հետ խոսել չհաջողվեց: Նա աշխատավայրում չէր, իսկ նրա գործընկերները Henaran.am-ի հետ զրույցում ասացին, որ գործի մանրամասներին ծանոթ չեն:
Գագիկ Պարոնյանի խոսքով, աղջկա մոտ վախը մի քիչ անցել է, մի քանի անգամ դպրոց է գնացել, բայց “սիստեմատիկ չի գնում”: “Տեսնենք կամաց-կամաց կարող ա աղջիկը ոտքի կանգնի, արդեն հունց որ ուզում ա փոխվի”,-ասաց հորեղբայրը:
Հիշեցնենք, որ Ազատ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ), որը նախատեսում է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով: