Ցմահ դատապարտվածը վիճարկում է ՀՀ նախագահի հրամանագիրը /վիդեո/
Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանն այսօր մտավ խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի գործով:
Վերջինս վիճարկում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի ներման հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման:
Արդեն 4 ամիս է, ինչ դատավարությունը շարունակվում է: Երեւանի բժշկական համալսարանի 20 տարեկան ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու մեջ:
Մհերը մինչեւ օրս իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միեւնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված եւ պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի` սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ:
Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն եւ դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Ըստ Մհերի հարազատների, Արամ Հարությունյանն արդեն ազատության մեջ է: “Եթե նման հրամանագիր չստորագրեր Ռոբերտ Քոչարյանը, ապա իմ որդին էլ կլինի ազատության մեջ”,-ասում է Մhերի մայրը` Վարդուհի Օհանյանը:
Մհեր Ենոքյանը միակ ցմահ դատապարտյալն է, որ դատարանում վիճարկում է ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ. ներման հրամանագիրը: Հիմնավորումն այն է, որ նախագահն իրավասու է միայն ներման հրամանագիր ստորագրելու, սակայն իրավունք չունի մեկ այլ պատիժ սահմանելու, ինչը տվյալ դեպքում, արվել է: Փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը գտնում է, որ դատարանը պիտի չեղյալ անի հրամանագիրը, իսկ եթե ոչ` շարունակելու են պայքարը: Իսկ դատախազ Ալեքսանդր Մուրադյանը այլ կարծիքի է` երկրի նախագահը ճիշտ է վարվել :
Գագիկ Պողոսյանը վճիռը կհրապարակի վաղը` մայիսի 17-ին, ժամը 9-ին: