Օրհնվեց ու տեղադրվեց Աշոտ Երկաթի պատմական սուրբ խաչի կրկնօրինակը
Մայիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցել Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի տեղադրման եւ օրհնության կարգը, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Զինված ուժերի ղեկավար կազմը, սպաներ եւ հոգեւորականներ:
Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համոզմունք է հայտնել, որ խաչի տեղադրումը բեկումնային նշանակություն կունենա Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար` ընդգծելով, որ հանդիսավոր արարողությունը խորհրդանշական է նաեւ այն առումով, որ 2012թ. առաջին կիսամյակն ազգային բանակն ամփոփում է արձանագրած բազմաթիվ հաջողություններով եւ ձեռքբերումներով, որոնք, անշուշտ, կբազմապատկվեն:
Նշենք նաեւ, որ ս.թ. հունվարի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ընթացքում հրապարակվել է Հայրապետական Սրբատառ կոնդակ Հայոց Բանակի 20-ամյա հոբելյանի առիթով: Սրբազան արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է Մայր Աթոռում պահվող Աշոտ Երկաթ թագավորի պատմական սուրբ խաչի կրկնօրինակի օծումը, որից հետո այն հանձնվել է ՀՀ պաշտպանության նախարարությանը եւ ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդությանը: ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ եւ առաջնորդությամբ Աշոտ Երկաթ թագավորի խաչը պտույտ է կատարել ազգային բանակի մարտական դիրքերով:
Henaran.am-ին հաղորդում են ՊՆ լրատվական ծառայությունից