Ինչպիսին պետք է լինի Երեւանը եւ մանավանդ` քաղաքի կենտրոնը. ՀՀ վարչապետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երեւանի ‘’Փոքր կենտրոնի’’ կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ եւ քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ:
Տիգրան Սարգսյանը նշել է. ‘’Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք Երեւանի ճարտարապետական տեսքի պահպանման վերաբերյալ հարցեր եւ եկել հետեւյալ եզրահանգման. Կան տարբեր մոտեցումներ` ինչպիսին պետք է լինի Երեւանը եւ մանավանդ քաղաքի կենտրոնը: Որպեսզի այս հարցը կարողանանք վերջնականապես լուծել, պայմանավորվել ենք մշակել օրենքի նախագիծ եւ դրանով փորձել այնպիսի լուծումներ տալ, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար :Հասարակությունն սպասում է այս օրենքի նախագծին եւ մենք էլ պարտավոր ենք այնպիսի նախագիծ ներկայացնել, որպեսզի արդարացնենք քաղաքացիների սպասելիքները ‘’:
Կառավարության ղեկավարն ասել է, որ Երեւանում ցանկացած օբյեկտի շուրջ առկա են տարբեր կարծիքներ եւ չկա այնպիսի որոշում, որը բոլորին կբավարարի: Վարչապետը կարեւորել է որոշումների ընդունման ընթացակարգի շուրջ համաձայնությունը, քանի որ դրանք պետք է լինեն բաց, թափանցիկ եւ հաշվի առնեն ինչպես մասնագետների, այնպես էլ հանրության կարծիքը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ մշակվում է մայրաքաղաքի քաղաքաշինության կանոնադրություն եւ առաջարկել է այդ աշխատանքներին եւս ներգրավվել աշխատանքային խմբի մասնակիցներին:
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը:
Henaran.am -ին հաղորդում են Կառավարության լրատվական ծառայությունից