Մայիսի 28-ը մեր աշխարհացունց մարտիրոսացման արժեքն է. Նժդեհ /վիդեո/
Մայիսի 28-ը Հայաստանի առաջին Հանրապետության օրն է:
1918թ.մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:
Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց “Հայկական ազգային խորհրդի” կողմից 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում` Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո: Ինչպես մեծ բանաստեղծն է ասել, “մեզ բաժին հասավ ողբի եւ որբի երկիր … “: Մեծ եղեռնից մազապուրծ եղած արեւմտահայ գաթականների եւ որբերի շարասյուները առաջին Հանրապետության առաջին նկարագիրն էին:
Մայիսի 29-ին ՀՅԴ Արեւմտյան եւ Արեւելյան Բյուրոյի նիստը Հովհաննես Քաջազնունուն նշանակեց անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երեւանը, վերջին վարչապետը Սիմոն Վրացյանն էր:
Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչեւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երեւան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը եւ հանրապետությունը խորհրդայնացվեց:
1968թ. ճակատամարտի վայրում կառուցվեց Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրը, որը խորհրդանշում է հայ-թուրքական ճակատամարտում հայերի տարած փայլուն հաղթանակը, իսկ համալիրում գտնվող ազգագրական թանգարանում ներկայացված են հայոց պատմությունը, մշակույթը, արհեստներն ու կենցաղը՝ հին դարերից մինչեւ մեր օրերը:
1991 թ-ից Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:
Henaran.am-ը շնորհավորում է բոլորին Առաջին հանրապետության տոնի առթիվ, մաղթում, որ մայիսյան հաղթարշավը միշտ Աստծո կամեցողությամբ ուղեկցի աշխարհասփյուռ հայերին: