Առաջին Հանրապետության դասերն ու ձեռքբերումները` ըստ պատմաբանների
Հանրապետության տոնի` մայիսի 28-ի առիթով պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ թղթակից անդամ Բաբկեն Հարությունյանը եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը “Հենարան” մամուլի ակումբում անդրադարձել են օրվա խորհրդին:
“Շատ են հայհոյել Առաջին Հանրապետության ղեկավարներին, բայց փառք ու պատիվ նրանց: Հինգ դար առաջ կորցված անկախությունը այսօր վերականգնվել է: Լավ է, որ ցեղասպանություն տեսած ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել”,- նշեց Բաբկեն Հարությունյանը:
Նրա խոսքով, հայոց պատմության մեջ 1918 թվականն իր բոլոր կորուստներով ու աղետներով հանդերձ, կարևոր տեղ է գրավում, քանի որ ավելի քան 5 դար առաջ կորցրած հայոց պետականությունը, թեև խիստ կրճատված տարածքով, Բաթումիի նվաստացուցիչ պայմանագրով, վերականգնվեց: Բաբկեն Հարությունյանն ընդգծեց, որ Եղեռն տեսած հայ ժողովուրդն իր մեջ ուժ գտավ` վերականգնելու սեփական պետականությունը:
Բաբկեն Հարությունյանը կարեւորեց Մայիսյան հերոսամարտերի նշանակությունը: Պատմաբանը շեշտեց, որ Առաջին Հանրապետության հռչակման հաղթանակին հասանք մեր միասնականության շնորհիվ,այլ ոչ թե այսպես ասած տրվեց մեզ, ինչպես փորձում է ներկայացնել թուրքական պատմագրությունը:
“Ոտքի էին կանգնել մտավորականները, հոգևորականները, գյուղացիները, քաղաքացիները, Արևելյան Հայաստանի բոլոր շրջանների բնակիչները”,-նշեց Բաբկեն Հարությունյանը:
Խոսելով Առաջին Հանրապետության դասերից, Էդիկ Մինասյանը եւս առանձնացրեց համազգային միասնությունը: Նա կարեւորեց Առաջին Հանրապետության ունեցած նշանակությունը Հայաստանի երկրորդ եւ երրորդ Հանրապետությունների ստեղծման գործում: