15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ նախագահի մրցանակի է արժանացել թուրք Ռագըփ Զարաքողլուն

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ ձեռքբերումների եւ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նոր հաջողություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հանրապետության նախագահի մրցանակների հանձնման արարողության ժամանակ.

‘Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:

Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների եւ ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն եւ ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձեւավորելու կարեւոր գործոններ են:

Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաեւ Ձեր այսօր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլեւ ուղղված է հարեւան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:

Հարգելի ներկաներ,

Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետեւողականորեն շարունակելու համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:

Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ եւս հաջողություններ արձանագրեն եւ նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը’:

Եվ այսպես`Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած  աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական եւ գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակ է շնորհվել.

բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` ‘Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ’ մենագրության եւ գիտական հոդվածների շարքի համար,

տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Արմեն Աբրահամյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` ‘Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում եւ ստեղծում’ գիտական հոդվածների շարքի համար,

արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` ‘Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում եւ առաջիկա խնդիրները’ հետազոտության, մշակման եւ ներդրման համար,

ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` ‘Ֆոտոնիկա՝ կառուցվածքային վակուումում եւ ոչ գծային նյութերում’ գիտական հոդվածների շարքի համար,

գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` ‘Սրբազան խավար’ բանաստեղծությունների ժողովածուի համար,

հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` ‘Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում’ գրքի համար:

Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ ‘Գործիքային կատարում’ անվանակարգում լավագույն կատարման համար:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.

արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` ‘Լեգենդներ’ քանդակների շարքի համար, Աշոտ Գեւորգյանին` ‘Մետամորֆիկ տրանսակցիաներ’ քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆեւի ‘Ռոմեո եւ Ջուլիետ’ բալետի դեկորների եւ զգեստների ձեւավորման համար:

գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` ‘Անկախին սպասելիս’ գրքի համար:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ