ՀՐԱՏԱՊ. Պայթյուն “Էլեկտրոն” գործարանում, կա երկու զոհ
Հենց նոր Henaran.am-ն ահազանգ է ստացել, որ մոտ 10 րոպե առաջ պայթյուն է տեղի ունեցել Շենգավիթի “Էլեկտրոն” գործարանում:
Ականատեսի վկայությամբ, տարհանվել են հարակից շենքերի բնակիչները: Պայթյունի պատճառն այս պահի դրությամբ հայտնի չէ: Ըստ բնակիչների, գործարանում կա պայթուցիկ սարքերի արտադրամաս եւ պայթյունը հենց այնտեղ է եղել: Տեղում աշխատում են մասնագետները:
Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԻՆ ‘Արտակարգ ալիք’ լրատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը, այսօր 14:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ Շարուրի 37 շենքում պայթյուն է եղել` հրդեհի հետեւանքով, եւ շենքի մի հատվածը քանդվել է, կա նաեւ փլուզման վտանգ:
Այս պահի դրությամբ փրկարարները փլատակներից դուրս են բերել 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանին, որը ծանր վիճակում տեղափոխվել է ‘Էրեբունի’ բժշկական կենտրոն։
Քիչ առաջ ‘Էրեբունի’ բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ իրենց մոտ տեղափոխված 67-ամյա Ջանիբեկ Մարտիրոսյանը մահացել է:
Վերջին տվյալներով` փրկարարները հայտնաբերել են նաև մյուս` 64-ամյա տուժածի մարմինը։ Բժիշկները հաստատել են նրա մահը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել ոստիկանությունում: