Մանկական տոնական միջոցառումներ կանցկացվեն վարչական շրջաններում,Կենդանաբանական այգում եւ Հաղթանակ զբոսայգում
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երեւանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երեւանի կենդանաբանական այգում եւ Հաղթանակ զբոսայգում:
Երեւանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաեւ համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
Հաղթանակի զբոսայգում Երեւանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է <<Ուրախ ժամանց>> ՍՊԸ-ի հետ համատեղ: Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչեւ 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչեւ ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կտրվի մեծ հրավառություն:
‘Նախորդ տարիների վիճակագրական տվյալները եւ վերջին տարիներին տոնական միջոցառումներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համադրելով՝ միջոցառումներն ու հյուրասիրությունը նախատեսել ենք ստացված թվից շատ ավելի՝ 150.000 երխաների համար. հաշվի ենք առել նաեւ, որ այդ օրը մայրաքաղաքի տոնական միջոցառումներին մասնակցում են Երեւանին սահմանակից մարզերից հյուրեր’,- նշել է Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, եւ հավելել, որ ամբողջ օրը տոնակատարությունների վայրերում հերթապահելու են քաղաքացիների անվտանգությունն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շտապ օգնությունը, ինչպես նաեւ նախապես հերթագրված եւ հաստատագրված երիտասարդ կամավորներ: Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաեւ Երեւանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները եւս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:
Անդրադառնալով բակային տարածքներում եւ այգիներում մանկական խաղերի տեղադրման աշխատնքների ընթացքին՝ զեկուցվել է, որ համապատասխան տարածքների բարեկարգման աշխատանքներից հետո արդեն տեղադրվել է 100 մարզական խաղ:
‘Առջեւում ամառ է եւ երեխաների մեծ մասն իրենց հանգիստը նախաընտրում են անցկացնել բակերում: Պետք է ուշադրության կենտրոնում պահել բակային տարածքների բարեկարգման աշխատանքները եւ հնարավորին սեղմ ժամկետում ավարտել դրանք ու հանձնել մեր փոքրիկ երեւանցիներին’,-աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է Տարոն Մարգարյանը: