Խորհուրդ են տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ
Մայիսի 29-ին մի խումբ լոռեցի ավելի քան 30 երիտասարդների նախաձեռնությամբ տեղի է ունեցել “Թեղուտի հանքի պաշտպաններ “հասարակական կազմակերպության հիմնադիր նիստը: Կազմակերպության նպատակն է կանխարգելել Թեղուտի հանքի վերաբերյալ հասարակությանը հրամցվող ապատեղեկատվությունը և ջրի երես հանել Թեղուտի հանքի շահագործման դեմ պայքարող երիտասարդների մեջքի ետևում գտնվող ուժերին:
Հասարակական կազմակերպության նախագահ է ընտրվել Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Վադիմ Հասրաթյանը, որը մոտակա օրերին Երևանում կհանդիպի լրագրողների հետ: “Թեղուտի հանքի պաշտպաններ” հասարակական կազմակերպությունն ունենալու է գրասենյակներ Վանաձորում և Ալավերդիում:
Որպես նորաաստեղծ կազմակերպության առաջին անելիք նպատակահարմար ենք գտնում հայտնել հասարակությանը, որ ինքնահռչակ կինոռեժիսոր Թեհմինե Ենոքյանի` վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ հանած “Բնության հաշվեհարդար” ֆիլմում Թեղուտի մասին տեղ գտած փաստերը, մեղմ ասած, հերյուրանքներ են: Կոչ ենք անում ֆիլմի ստեղծողներին ներողություն խնդրել լոռեցի երիտասարդներից գոյություն չունեցող փաստերն այդքան ամոթալի տեսքով, որպես ճշմարտություն, ներկայացնելու համար:
Հայտնում ենք, որ վերոնշյալ պահանջը չկատարելու դեպքում ստիպված կլինենք դիմել օրենքով չարգելված այլ միջոցների: Օգտվելով առիթից խորհուրդ ենք տալիս երևանցի երիտասարդներին քիթները չմտցնել Լոռվա հարցերի մեջ և զբաղվել սեփական քաղաքի խնդիրներով:
Պահանջում ենք նաև շտապ ջնջել ֆիլմը համացանցից` http://www.youtube.com/watch?v=cTFJgENQ-Xg
“Թեղուտի հանքի պաշտպաններ” հասարակական կազմակերպություն