Ծխախոտը սպառում է իրեն սպառողին
Այսօր Ծխելու դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծխախոտային ինդուստրիայի նվազեցման մասին են խոսել ծխախոտի դեմ պայքարի ոլորտի մասնագետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական կենտրոնի հակածխախոտային ծրագրի ղեկավար Նարինե Մովսիսյանը և “Հայաստանն առանց ծխախոտի” հասարակական դաշինքի համակարգող Արուսյակ Հարությունյանը:
Նարինե Մովսիսյանի խոսքով՝ ծխախոտի դեմ պայքարը ոչ բոլորին է հասկանալի, քանի որ խոսքը գնում է ոչ թե ծխախոտի, այլ ծխելու դեմ պայքարի մասին: Նա եւս մեկ անգամ տեղեկացրեց, որ ծխախոտն այն եզակի ապանքատեսակներից է, որը կանոնավոր օգտագործման դեպքում բերում է հիվանդություների ու մահվան:
՛՛Կոպիտ ասած՝ ծխախոտը սպառում է իրեն սպառողին: Իսկ մեր երկրում ծխախոտի դեմ պայքարին ուղղված օրենքները լիարժեք չեն: Ակնհայտ է, որ բախվում են հանրային շահն ու բիզնես շահը՛՛,- ասաց Նարինե Մովսիսյանը:
Ըստ բանախոսի, ծխախոտի պարբերական օգտագործումը բերում է քաղցկեղի, սիրտ-անոթային եւ խրոնիկ շնչառական հիվանդությունների: Նա նշեց նաեւ, որ ԱՀԿ-ն նախաձեռնել է մի յուրօրինակ նախագիծ՝ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիա, որին անդամակցում են 175 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Կոնվենցիային անդամակցող երկրները ունեն պարտավորություններ, այն է՝ կրթել ու իրազեկել հասարակությանը ծխախոտի վնասակարության եւ կախվածության մասին, արգելել ծխախոտի գովազդը, հովանավորչությունը, օժանդակել այն ծխողներին, որոնք ցանկանում են թողնել ծխելը:
՛՛Մեր բնակչության մեծամասնութունը չխծողներ են, բայց այնպիսի տպավորություն է, որ մեծ մասը ծխող է: Իրականում խոսքը գնում է տղամարդկանց շրջանում ծխախոտի տարածվածության մասին՛՛,- նշեց Նարինե Մովսիսյանը:
Արուսյակ Հարությունյանի խոսքով՝ ներկայիս տղամարդկանց 63 տոկոսն է ծխող, դեռահասների շրջանում նույնպես տարածված է ծխախոտի օգտագործումը՝ նրանց մոտ 30 տոկոսը փորձել է ծխախոտ, իսկ 6 տոկոսը դարձել է մշտական ծխող:
Ինչ վերաբերում է հանրային վայրերում ծխելու արգելքին, բանախոսը նշեց, որ միակ ոլորտը, որտեղ տուգանքներ են կիրառվել ու սահմանափակումներ, տրանսպորտի ոլորտն է:
՛՛45-49 տարիքային խմբում 98 տոկոսը նշել են, որ օրվա մեջ 10-ից ավելի գլանակ են ծխում, ինչը սարսափելի բարձր ցուցանիշ է՛՛,- եզրափակեց Արուսյակ Հարությունյանը: