Աշխատանքային այցերը տալիս են իրենց արդյունքները
Օրերս Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Սա Հովիկ Աբրահամյանի թվով 3-րդ պաշտոնական այցն է Վրաստանի Հանրապետություն` վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր: Դա վկայում է ՀՀ տնտեսության համար` Վրաստանի կարևորության և վարչապետների ջերմ հարաբերությունների մասին: Վարչապետների ջերմ հարաբերությունները կարևոր են առաջացած խնդիրներին արագ արձագանքելու և համագործակցության ընթացքում առաջացած պատային իրավիճակներից դուրս գալու մասով, որոնց վառ օրինակը «Վերին Լարս» սահմանային անցակետի աշխատանքային գրաֆիկի կիսով չափ երկարացումն է (որը իհարկե լրացուցիչ ծախսեր է առաջացնում ՎՀ համար):
Այս անգամ ՀՀ վարչապետի այցի առանցքում էր սահմանակետերի խնդիրը, որոնց ծանոթանալու նպատակով վարչապետը անձամբ շրջայց է կատարել ՀՀ-ՎՀ սահմանային անցակետում և անձամբ մեկնել է Հայաստանի համար ստրատեգիական նշանակություն ունեցող` վրաց-ռուսական սահմանի Դարիալի անցակետ` տեղում ծանոթանալու խնդիրներին:
Հովիկ Աբրահամյանի` Վրաստան կատարած այցերը, այս կարճ ժամանակահատվածում արդեն տվել են իրենց պտուղները, որոնցից են` Երևան-Բաթումի ու Երևան-Թբիլիսի ավիափոխադրումների վերսկսումը և ՀՀ քաղաքացիների համար վերացված այն օրենքի պահանջը, ըստ որի նրանք ՎՀ-ում 90 օրից ավել գտնվելու համար պետք է թույլատվություն ստանաին: Ճիշտ է այդ խնդիրները առանցքային նշանակություն չունեն ՀՀ տնտեսության համար, սակայն ձեռքբերված արդյունքները վստահություն են ներշնչում և փաստում են այն մասին, որ այցերը անպտուղ չեն մնում և որոշակի ժամանակ անց տալիս են իրենց արդյունքները:
Առայժմ հայտնի չէ, թե սահմանակետերի վերաբերյալ հարցերը քննարկելուց բացի ուրիշ ինչ հարցեր են քննարկվել այցի ընթացքում, սակայն ակնհայտ է, որ Իրանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցների վերացման և ՎՀ եվրոինտեգրմանը զուգընթաց այդ հարցերը շատանալու են, իսկ որպեսզի այդ հարցերը հանգուցալուծվեն ի օգուտ Հայաստանի անհրաժեշտ է պահել հարաբերությունների բարձր մակարդակը և ավելի մեծ ուշադրություն դարձնել հեռանկարային, ռազմավարական կարևորության հարցերին: