ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է համաժողով երեխաների պաշտպանության հարցերի շուրջ
2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր համաժողով ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ Հայաստանից: Համաժողովի նպատակն էր մեծացնել քննությունների անցկացման, քրեական հետապնդման և դատավարական կարողություններն այնպիսի հանցանքների մասով, որոնցում ներգրավված են անչափահաս տուժողներ, ինչպես նաև մշակել անչափահաս տուժողների պաշտպանության համար անհրաժեշտ օրենքներ ու քննարկել երեխաներին առնչվող ազգային սոցիալական բարեփոխումները:
Հայաստանի պետական ու հասարակական կառույցները բարձր ներկայացուցչական կազմով մասնակցում էին համաժողովին, ինչը փաստում է խնդրի շուրջ Հայաստանի լուրջ ու ծանրակշիռ մոտեցումը: Քննարկումը մեկնարկեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքով, ապա մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան ներկայացուցիչներ ՀՀ դատական համակարգից, Գլխավոր դատախազությունից, Արդարադատության նախարարությունից և Քննչական կոմիտեից:
Ողջունելով մասնակիցներին՝ դեսպան Միլսը նշեց, որ համաժողովը երեխաների պաշտպանության հարցերի շուրջ փորձի փոխանակման հնարավորություն է ընձեռում, թույլ է տալիս դասեր քաղել միմյանց հաջողություններից ու սխալներից և գտնել համագործակցության ուղիներ այնպիսի իրավիճակներում, երբ առերեսվում ենք երեխաներին առնչվող դժվարին իրավիճակների հետ: Ընդունելով, որ երեխաների պաշտպանության հարցերում Միացյալ Նահանգներն ու Հայաստանն առաջնորդվում են նույն արժեքներով, նա նկատեց, որ որպես գործընկերներ ջանքերը համատեղելով հնարավոր է այնպես անել, որ հասարակության ամենախոցելի օղակը՝ երեխաները (հայաստանաբնակ և Հայաստանը տարանցող) առավել պաշտպանված լինեն այն անձանցից, ովքեր փորձում են առևանգել կամ շահագործել երեխաներին՝ օգտվելով նրանց խոցելի իրավիճակից: Եզրափակելով՝ դեսպան Միլսը գովեստի խոսքեր ասաց համաժողովի մասնակիցներին, ովքեր լծված են երեխաների պաշտպանության գործին:
Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ԱՄՆ Արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: