Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Թբիլիսում գտնվող հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է տեղի դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի դեղերի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառությանը, զուգահեռ ներմուծմանը, այլ թեմաների:
Վրացական կողմը դրական է գնահատել մեր երկրում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք առաջին հերթին միտված են արտադրողից մինչև սպառող ոլորտի կարգավորմանը:
Քննարկման մասնակիցների ուշադրության կենտրոնում է եղել նաև դեղերի որակի գնահատման նմանօրինակ չափանիշներ ունենալու, երկու երկրի դեղերի ոլորտի պատասխանատու կառույցների համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
Հայկական պատվիրակության անդամները հանդիպել են նաև Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ներկայացուցիչների հետ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Գամկրելիձեին է ներկայացրել մեր երկրում վարակիչ և ոչ վաչակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված և հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերը:
Հայաստանի և Վրաստանի մասնագետները քննարկել են նաև բժշկական ծառայությունների կազմակերպման, ֆինանսական քաղաքականության մշակման, լիցենզավորման գործընթացին, այլ ոլորտներին վերաբերող հարցեր:
Պայմանավովածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման, փորձի, տեղեկատվական դաշտի փոխանակման ուղղությամբ: