Բարոնուհի Քերոլայն Քոքսը պարգեւատրվել է Վալերի Բրյուսովի շքանշանով
Մայիսի 29-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ` բարոնուհի Քերոլայն Քոքսն այցելեց Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչություն: Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը պատվավոր հյուրին ծանոթացրեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գիտա-տեխնիկական, կրթական, հումանիտար եւ մշակութային կապերի ամրապնդման ոլորտում Ներկայացուցչության գործունեության հետ:
Քերոլայն Քոքսն իր հերթին կիսվեց ռուս-բրիտանական եւ հայ-բրիտանական մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման ոլորտում իր փորձով:
Տեղի ունեցավ զրույց ստեղծագործական մտավորականության` ժողովրդական դիվանագիտության, հումանիզմի եւ ժողովուրդների միջեւ խաղաղության ամրապնդման մեջ դերի եւ կարեւորության մասին:
Այստեղ պատմության մեջ վառ օրինակ դարձան անգլիացի մեծ գրող Լորդ Ջորջ Բայրոնը, որը 1816-ին այցելել էր հայկական Մխիթարյան միաբանություն Սուրբ Ղազար կղզում` եւ ոգեշնչված հայ մշակույթով, մասնավորապես, գրական ժառանգությամբ, սկսեց ուսումնասիրել հայոց լեզուն: Իսկ Վալերի Բրյուսովը, ռուս պոետ, գրական քննադատ, թարգմանիչ, ռուսական սիմվոլիզմի հիմնադիրներից մեկը, 1916-ին ստեղծեց ռուսերեն լեզվով հայկական պոեզիայի հռչակավոր անթոլոգիան, որի միջոցով բացահայտեց “Սասունցի Դավիթ” հայկական էպոսի եւ հայկական պոեզիայի մեծությունը:
Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսական ընկերության անունից Հայաստանում Ռուսհամագործակցության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը բարոնուհի Քերոլայն Քոքսին հանձնեց Վալերի Բրյուսովի շքանշանը` ժողովուրդների միջեւ մշակութային եւ հումանիտար կապերի զարգացման մեջ մեծ ներդրում ունենալու համար:
Հանդիպմանը մասնակցեցին Հումանիտար օգնության տրամադրման Բրիտանական հոգաբարձական խորհրդի ներկայացուցիչներ Հայր Դավիթ Թոմիսը, Լյուսի Քլեմենսը, հայ գրող-հրապարակախոս Զորի Բալայանը եւ Երեւանում Գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի գործադիր տնօրեն Աշոտ Ջիվանյանը: