24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արամ Ա-ին

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինին՝ «Թռչնոց բույն» հաստատության վերանորոգման եւ թանգարանի ստեղծման, ինչպես նաեւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունում նրա գահակալության 20-րդ տարեդարձի եւ սրբալույս մյուռոնի օրհնության արարողության առթիվ:

«Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը դարեր շարունակ իր սրբազան պարտքն է կատարել առ Աստված, առ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, առ Հայրենիք եւ համայն հայություն:

Ձեր հովվապետության քսան տարիները համընկան Հայաստանի անկախության կերտման պատասխանատու, բարդ եւ դժվար տարիներին:

Դուք Ձեր անխոնջ ծառայությամբ, մեծ հայրենասերի, հռչակավոր գիտնականի, առաջադեմ հայագետի եւ ականավոր կրոնագետի իմաստնությամբ, hոգեւոր առաջնորդի Ձեր անմնացորդ նվիրումով եք առաջնորդում աշխարհասփյուռ հավատացյալ Ձեր հոտին:

Համաշխարհայնացման այս բարդ դարում Ձեր կերպարով զգոնություն եւ ուժ եք հաղորդում հայկական համայնքային կառույցներին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը՝ կամուրջներ հաստատելով հայության տարբեր հատվածների միջեւ` հանուն հավատավոր հայ ժողովրդի բարօրության, Հայաստան-Արցախ-սփյուռք կուռ եռամիասնության ամրապնդման, Հայոց պետություն-եկեղեցի կապերի զարգացման, մեր ազգային նպատակների իրականացման:

Ձեր առաջնորդությամբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը դարձել է նաեւ Հայ դատի պաշտպանության հզորագույն կենտրոն:

Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Ձեր բազում նախաձեռնությունների շարքում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել հայ ժողովրդի իրավունքներին աննկուն կամքով հետամուտ լինելու ջանքերը:

Ձեր օրհնությամբ եւ հովանավորությամբ իրականություն դարձան նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Պիքֆայայի հուշարձանի վերանորոգման եւ բարեկարգման, ինչպես նաեւ Դեր Զորից բերված աճյուններն իր մեջ ամփոփող Նահատակաց մատուռի հիմնովին վերանորոգման աշխատանքները: Հիացնող է Պիքֆայայի դպրեվանքը, որ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորների դաստիարակման հզոր դարբնոց է: Նրա սաների առաքինի վարքի եւ նվիրումի շնորհիվ է սփյուռքի մեր հայրենակիցներին հաջողվում լինել բնակության երկրի օրինակելի քաղաքացի եւ մնալ հայ:

Շնորհակալ ենք Լիբանանի պետությանը, հյուրընկալ ժողովրդին, որ պայմաններ ստեղծեցին եւ զորավիգ եղան հային ինքնահաստատվելու եւ զորավոր հայկական համայնք դառնալու համար:

Հայ ժողովուրդը չի կարող երախտագիտությամբ չհիշել բարի կամքի տեր միսիոներներին, մասնավորապես դանիացի Մարիա Յակոբսենին, որի ջանքերի շնորհիվ ստեղծվեց «Թռչնոց բույնը»: Մահվան ու սպանդի համատարած օվկիանոսում այն դարձավ յուրօրինակ փրկօղակ հարյուրավոր հայ որբերի համար: Այսօր Մարիա Յակոբսենի հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցներից մեկն էլ այս թանգարանն է՝ վերանորոգված եւ նորովի իմաստավորված «Թռչնոց բույնը»:

Հայ ժողովրդի լավագույն զավակներ՝ հայտնի բարերարներ Ալեքո եւ Անի Պեզիքյանների այս ձեռնարկը ոչ միայն որդիական տուրք է ցեղասպանությունից մազապուրծ եղած վեցամյա մանկան՝ իրենց հոր՝ Արամ Պեզիքյանի հիշատակին, այլեւ ապացույցը հայի արտասովոր կենսունակության եւ ապրելու անխախտ հավատի: Այս օրերին Բեյրութում կազմակերպված Ձեր ձեռնարկները մեկ անգամ եւս աշխարհի ուշադրությունն են բեւեռում Հայոց ցեղասպանության իրողության, հայ ժողովրդի օրինական իրավունքների վերականգնման անհրաժեշտության վրա:

Ձեր սրբազան աջով եւ Հայրապետական օրհնությամբ արարվող սրբալույս մյուռոնով թող բազում հայորդիներ օծվեն՝ ի փառս համայն հայության եւ Մայր Հայրենիքի:

Թող Երկնային Տերը Ձեզ պարգեւի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ ու կորով` ի փառս Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի, ի շահ Հայ դատի եւ հայ պահանջատիրության»,-ասված է Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ