Նախարարը քաջալերել է հեծանվորդներին
Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմին, ովքեր պատրաստվում են եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան):
Նախարար Ղազարյանը քաջալերել է հեծանվորդներին, նշելով, որ մասնակցելով միջազգային մրցաշարերի բոլոր հայ մարզիկները պետք է չմոռանան, որ իրենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը` անելով առավելագույնը մեր հայրենիքը արտերկրում արժանավայել ներկայացնելու համար:
Գ. Ղազարյանը և Ա. Սահակյանը զրուցել են մարզիկների հետ ու նրանց մաղթել հաջողություններ առաջիկա մրցաշարերում: Նախարարը ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է նաև հեծանվային սպորտի զարգացման հետագա ուղիները և այդ ուղղությամբ կատարվելիք համատեղ ծրագրերը:
Նույն օրը, նախարար Ղազարյանը ներկա է գտնվել Սահմանադրության օրվա առիթով Երևանում «GMG մեդիա գրուպ» ընկերության կազմակերպած հեծանվավազքի մրցույթին:
«Առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը նախարարության առաջնահերթ ծրագրերից է, որոնց իրագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այդ տեսանկյունից ողջունելի եմ համարում «GMG մեդիա գրուպի» այս ձեռնարկը: Սա մեր առաջին համատեղ մարզական միջոցառումն է, սակայն, հուսով եմ ոչ վերջինը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող երթ»,- նշել է նախարարը:
Հեծանվավազքի մեկնարկը տրվել է Երևանի Հանրապետության հրապարակից և ավարտել` Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում:
Նախարար Ղազարյանը մրցանակներ է հանձնել առաջին տեղը գրաված Միքայել Նահապետյանին, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Մարիաննա Օհանյանին և Արտյոմ Հովհաննիսյանին: Մրցանակակիր եռյակից բացի հավաստագրերի են արժանացել նաև մրցավազքի բոլոր մասնակիցները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի
բաժնի պետ Անուշ Չիթչյան
հեռ. (+37410) 54 69 33 (+37498) 70 76 24