Բաղրամյանում իրավիճակը սրվում է, ցուցարարները կանցնեն վճռական քայլերի
Բաղրամյան պողոտայում նստացույցի նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նրա փոխանցմամբ՝ շարժումը այսօրվանից կփոխադրվի վճռական փուլ:
«Ժամը 21.00-ից հայտարարելու ենք շարժման համակարգող խմբի որոշումը եւ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո անցնելու ենք վճռական քայլերի»-հրատապ հրավիրված հանդիպման ժամանակ հայտարարեց Սանասարյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանությունը հայտարարել է, որ քիչ հետո կգան հավաքի կազմակերպիչները եւ կհայտարարեն, որ պետք է գնալ վճռական քայլերի, որ սադրանքներ են կազմակերպելու, վրաններ են տեղադրելու, աղբամաններն են առաջ տալու, Սանասարյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ոստիկանությունն ինչ է ենթադրում: Բնականաբար, միայն ինֆորմացիան չի, իրենք էլ հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող եւ մենք գնալու ենք վճռական քայլերի: Ավել բան հիմա չեմ ասելու: Երբ ժողովուրդն այստեղ կլինի, նա կլսի մեր ելույթները, որից հետո ժողովուրդը կկայացնի որոշում՝ հավանություն տալիս է մեր որոշմանը, թե ոչ: Մեր մարտավարությունը միայն մեկ ուղղություն չունի, ինչպես ոստիկաններն են կարծում, մենք ունենք բազմավեկտոր պլաններ եւ սկսելու ենք պլան Ա-ից»:
Սանասարյանի խոսքով՝ ժողովրդի հավանությունը ստանալուց հետո նստացույցի մասնակիցները կանցնեն վճռական քայլերի: