Ցույցի կազմակերպիչները սադրանքի են պատրաստվո՞ւմ.ոստիկանությունը կդիմի բռնության
Ոստիկանությունը տեղեկություն ունի, որ այս գիշեր, ժամը 02.00-ին, որոշ անձինք, որոնք իրենց համարում են նստացույցի կազմակերպիչներ, որոշում են կայացրել սրել իրավիճակը, վրաններ տեղադրել, բարիկադներն առաջ բերել:
Այսօր, Բաղրամյան պողոտայում ցուցարարների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
« Նրանք կարծում են, որ այսպես չի լինի, հետաքրքիր չի: Հետեւաբար որոշել են աղբամաններից բացի վրաններ տեղադրել, սադրանքներ կազմակերպել ոստիկանների նկատմամբ, սրել իրավիճակը, փակել փողոցներ: Սա ձեզ հայտնի մարդիկ են, ես ձեռնպահ եմ մնում անուններ տալուց, բայց ուզում եմ, որ դուք իմանաք: Շատ կարճ ժամանակ անց կլսեք այդ մասին իրենցից: Որոշվել է, որ մի քանի անձինք պիտի շարժումը ղեկավարեն, սպասում են հրահանգների, բայց առաջարկելու են բարիկադները մոտեցնել ոստիկաններին, իրենց դուր չի գալիս, որ ոստիկանությունն իր ծառայությունը պասիվ է իրականացնում, ինչը հանգեցնում է շարժման մարման: Նրանք ամեն ինչ անելու են, որ դեպքերը գնան իրենց գծած սցենարով, այսօր վաղը, երկուշաբթի»,-հայտարարել է Աշոտ Ահարոնյանն ու հավելել. «Դուք գիտեք ոստիկանության վերաբերմունքը վրաններ տեղադրելու վերաբերյալ: Կոչ եմ անում սադրանքի չտրվել, քանի որ նրանք սադրիչներ են եւ ուզում են ձեզ օգտագործել ձեզ ի շահ իրենց նպատակների»:
Հարցին, թե արդյոք ոստիկանությունն ուժ կկիրառի, Ահարոնյանը պատասխանել է. «Ոստիկանությունը ուժ կկիրառի միայն այն դեպքում, եթե ժողովրդի մեջ լինի ագրեսիվ խումբ, որը կլինի անկառավարելի: Այդ դեպքում՝ ոստիկանությունը պիտի մեկուսացնի նրանց»: