29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանում խախտված է տղա-աղջիկ սեռային հարաբերակցությունը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծում կարդում ենք, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:

Մինչդեռ «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն» հետազոտության տվյալների համաձայն` Հայաստանում այս հարաբերակցությունը էականորեն խախտված է, ինչը ի հայտ է եկել դեռևս 1990-ական թվականներին:

Նշվում է, որ նման անհամամասնության ձևավորումը պայմանավորված է ինչպես հայ հասարակության մեջ տղա երեխային նախապատվություն տալու, ընտանիքում և հասարակությունում տղայի դերի և նշանակության մասին ձևավորված պատկերացումների հետ, այնպես էլ բժշկական տեխնոլոգիաների զարգացման արդյունքում ապագա երեխայի սեռը պարզելու հնարավորության ստեղծմամբ:

Ծնունդների բնականոն համարվող սեռային հարաբերակցության շեղումները ներկայում ՀՀ-ում վտանգավոր սահմանագծի են հասել և դարձել լուրջ ժողովրդագրական սպառնալիք: Այսպես՝ 2011 թվականի դրությամբ այն կազմել է 114 տղա նորածին՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով։ Այս ցուցանիշով Հայաստանը հայտնվել է սեռով պայմանավորված հղիության ընդհատման վատագույն ցուցանիշներ ունեցող երկրների շարքում (Չինաստան, Հնդկաստան, Ադրբեջան, Ալբանիա):

Ավելին, երրորդ և հաջորդ երեխաների դեպքում այդ ցուցանիշը շատ ավելի բարձր է (2008-2012թթ. միջին ցուցանիշը կազմել է` 164 տղա 100 աղջկա դիմաց): Խնդիրը հատկապես արտահայտված է մարզերում (Գեղարքունիք, Արագածոտն, Արմավիր):

Ծնունդների նման սեռային հարաբերակցության հետագա շարունակման դեպքում կանխատեսվում է գենդերային խզում, որի արդյունքում մինչև 2060 թվականը չեն ծնվի 92932 աղջիկներ, ինչն էլ իր հերթին կբերի ծնունդների թվի առավել կրճատման, և որպես հետևանք բնակչության թվաքանակի նվազման: Այսպիսով, ըստ կառավարության՝ սեռերի ծնունդների հարաբերակցության վերը ներկայացված պատկերի պահպանումը լուրջ ժողովրդակագրական խնդրի է վերածվել:

Ներկա փուլում սեռով պայմանավորված հղիության ընդհատումը արգելող հստակ օրենսդրական կարգավորումներ ՀՀ-ում չի գործում: Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով հղիության արհեստական ընդհատման հետ կապված այլ կարգավորումների վերանայման անհրաժեշտությունը, նախագծով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը ամբողջովին վերանայել` հստակ ամրագրելով սեռով պայմանավորված աբորտ կատարելու արգելքը, որի խախտման դեպքում արարքը կդիտարկվի որպես ապօրինի կատարված և կհանգեցի օրենքով նախատեսված պատասխանատվությանը:

Բացի այդ, գործող օրենսդրության մեջ առկա են խնդիրներ, որոնց կարգավորումն անհրաժեշտ է հղիության արհեստական ընդհատման գործընթացում առկա արձանագրված բացերը վերացնելու համար: Նախագծի ընդունման դեպքում վարչական պատասխանատվություն է նախատեսված նաև բժիշկների համար:

Այսպես` բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատումից (աբորտ) առաջ կնոջը հղիության արհեստական ընդհատման հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ անվճար խորհրդատվություն չտրամադրելը կամ խորհրդատվություն տրամադրելու մասին բժշկական փաստաթղթերում գրառումներ չկատարելու դեպքում տուգանք է նախատեսված 40 հազար դրամի չափով:

Բժշկի կողմից հղիության արհեստական ընդհատման (աբորտ) բժշկական միջամտությունից անմիջապես առաջ հղի կնոջը հղիության արհեստական ընդհանման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու օրենքով նախատեսված ժամանակահատված չտրամադրելը կպատժվի  80 հազար դրամով:

Նախագիծն այսօր հաստատվեց, այս գործընթացից հետո այն պետք է մտնի ԱԺ և ընդունվելու դեպքում, ստորագրվի նախագահի կողմից:

Աղբյուրը` Իրավաբան. net


 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ