3 տարում Թուրքիայի 10 000 քաղաքացի է միացել ահաբեկչական խմբավորումներին
Թուրքիայի «21-րդ դար» ինստիտուտի մերձավոր արևելքի հարցերով ամբիոնի իրականացրած հետազոտության համաձայն՝ վերջին երեք տարիների ընթացքում ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով շուրջ 10.000 մարդ է Թուրքիայից մեկնել Իրաք և Սիրիա: Պարզվել է նաև, որ նրանցից ավելի քան 7000-ը միացել է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորմանը, մյուսները՝ «Ալ Քաիդա» և «Ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորումներին, գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքական «Hurriyet» պարբերականի հաղորդմամբ՝ բացի մահապարտներից, հարյուրավոր ընտանիքներ էլ Թուրքիայից տեղափոխվել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող Ռաքքա, Մուսուլ, Թելաֆեր քաղաքներ: Հետազոտությունն իրականացնող թուրք պրոֆեսոր Սերհադ Էրկմենը նշում է, որ ԻՊ-ին միացողների կեսից ավելին կազմում են ընտանիքները:
Էրկմենը ընդգծում է նաև, որ վերոնշյալ ահաբեկչական խմբավորումների կազմում ի սկզբանե միշտ էլ թուրքեր եղել են: Սակայն վերջին երեք տարիների ընթացքում հատկապես ԻՊ-ի նկատմամբ մեծացել է հետաքրքրությունը թե ամբողջ աշխարհում և թե մասնավորապես Թուրքիայում:
ԻՊ-ին անդամակցելու համար Թուրքիայից ամենից շատ մեկնում են Ստամբուլի, Անկարայի, Քոնիայի, Ադանայի, Դիարբեքիրի, Գազիանթեփի բնակիչները: Ավելի քիչ թվով քաղաքացիներ ԻՊ-ին միանալու համար մեկնել են նաև Թուրքիայի Բուրսա, Սաքարյա, Բինգյոլ, Մուշ, Ադըյաման շրջաններից:
Հայտնի է նաև, որ Թուրքիայի գրեթե բոլոր բնակավայրերից որոշակի, թեկուզ շատ քիչ թվով մարդիկ ահաբեկչական խմբավորումներին միանալու նպատակով մեկնում են Սիրիա և Իրաք, կամ մեկնում ու հետ են վերադառնում:
Աղբյուր` Ermenihaber.am