Ավազե անիմացիայով և ռոք համերգով կտրվի «Ֆրեսկո» փառատոնի՝ այս տարվա մեկնարկը
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 2-րդ փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 27-ին՝ ժամը 20:30-ին, Կարապի լճի տարածքում: Բացօթյա բեմ, մեծ էկրան, «Ֆրեսկո» բարձեր՝ գետնին հարմարավետ տեղավորվելու համար, համերգային ծրագիր և բարձր տրամադրություն. այս ամենը, գումարած ևս մի քանի անակնկալ, խոստանում են փառատոնի կազմակերպիչները:
Բացման արարողությանը ներկա կլինեն փառատոնի հատուկ հյուրերը: Նրանցից մեկը՝ ավազանկարչուհի Դարյա Կոտյուխը, հենց տեղում՝ Կարապի լճում տեղադրված էկրանի վրա, կներկայացնի ավազե անիմացիա: Նա Սանկտ Պետերբուրգի «Ветер» ավազե անիմացիայի ստուդիայի հիմնադիրն է, իսկ նախորդ տարի եղել է «Send Motion» ավազե անիմացիայի միջազգային փառատոնի ժյուրիի անդամ:
«Ֆրեսկո» փառատոնի մեկնարկը յուրովի կշնորհավորեն նաև «Որդան կարմիր» հայտնի ռոք խումբը և «Ունիսոն» ՀԿ-ի «Փարոս» կամերային երգչախումբը, որում ընդգրկված կատարողների մեծամասնությունը սայլակ օգտագործող հաշմանդամներ են:
Այս տարի «Ֆրեսկոն» անցկացվելու է հունիսի 27-ից հուլիսի 5-ը: Փառատոնը ֆիլմերի մասնակցության 600 հայտ է ստացել, սակայն մրցութային ծրագրում ընդգրկվել են դրանցից 53-ը միայն: Բացօթյա դիտումները կազմակերպվելու են ամեն օր Կարապի լճի տարածքում, իսկ փառատոնային օրերից 3-ը՝ հուլիսի 2-ից 4-ը, անցկացվելու են Շիրակի մարզում՝ Հառիճավանքի տարածքում՝ վրանային կինոճամբարի ձևաչափով: Փառատոնի այս տարվա նորություններից մեկն էլ ֆոտոցուցահանդեսն է: