05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացման» սեմինար

Այսօր Կոնգրես հյուրանոցում տեղի է ունեցել Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի վավերացմանը նպատակաուղղված ծրագրի ներածական սեմինարը, որին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին և  ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտի /UNITAR/ Քիմիական նյութերի և թափոնների կառավարման ծրագրի ավագ խորհրդական պարոն Գեորգ Կարլագանիսը:

2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունն 92 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան, որի նպատակն է կանխարգելել սնդիկի անբարենպաստ ազդեցությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա: Այսօրվա դրությամբ 128 երկիր ստորագրել է Կոնվենցիան և 12 երկիր վավերացրել այն: ՄԱԿ-ի ուսուցման և հետազոտման ինստիտուտը (UNITAR) Շվեյցարիայի կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ սատարում է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում` Հայաստանին, իրականացնելու որոշակի գործողություններ, որոնք ուղղված են Մինամատայի կոնվենցիայի վավերացման գործընթացի արագացմանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անունից Սիմոն Պապյանը ողջունել է բոլորին սեմինարի առթիվ և նշել. Հայաստանի Հանրապետությունը իր երախտագիտությունն է հայտնում Շվեյցարիայի Համադաշնությանը քիմիական նյութերի և թափոնների կառավարման ոլորտը կարգավորելու նպատակով պարբերաբար աջակցության և համագործակցության համար: Այս Ծրագիրը նպատակաուղղված է մեր երկրում սնդիկի հիմնախնդրի գերակա ոլորտների հայտնաբերմանը, իրավական կարգավորմանը, ինչպես նաև վավերացման հետևանքների և առավելությունների վերլուծությանը: Կոնվենցիան կնպաստի սնդիկի և սնդիկի միացությունների վերաբերյալ գիտական, տեխնիկական և իրավական տեղեկատվության, ներառյալ` թունաբանական և էկոթունաբանական բնույթի, ինչպես նաև անվտանգության հարցերին վերաբերող տեղեկատվության փոխանակմանը:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերն, իր հերթին ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ Շվեյցարիայի կառավարությունը ողջունում և խրախուսում է զարգացող երկրներին, մասնավորապես Հայաստանին, և պատրաստակամ է աջակցելու վերջիններիս սնդիկի և սնդիկի միացությունների էկոլոգիապես անվտանգ պահման, սնդիկ պարունակող թափոնների էկոլոգիապես անվտանգ հեռացման համար:

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, անդրադառնալով Մինամատա համայնքում տեղի ունեցած վթարի արդյունքում սնդիկի աղտոտման ողբերգական հետևանքներին, նշել է. Ճապոնիայի բնակչությունը շատ լավ  է գիտակցում սնդիկի վտանգը` ունենալով Մինամատայի դառը փորձը, ուստիև խրախուսում է Կոնվենցիայի վավերացումը, որը կկանոնակարգի սնդիկի հետ կապված խնդիրները:

Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը արդեն իսկ իրականացնում է մեր երկրում սնդիկի հիմնական աղբյուրների բացահայտումը, սնդիկ պարունակող արտադրանքի և թափոնների հաշվառումը, սնդիկով շրջակա միջավայրի աղտոտվածության ուսումնասիրությունների վերլուծությունը և օրենսդրական կարգավորումը, ինչը հիմք կհանդիսանա Կոնվենցիայի հետագա վավերացման համար:

Մինամատայի կոնվենցիայի վավերացումը հնարավորություն կտա կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով ստանալ ֆինանսական և տեխնիկական աջակցություն, մասնավորապես, շրջակա միջավայրում և կենսանյութում սնդիկի պարունակությունը որոշելու համար ձեռք բերել համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև ստեղծել սնդիկ պարունակող թափոնների վերամշակման և վնասազերծման հզորություններ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ