Ընդդիմությունը չի կատարում իր պարտականությունները /վիդեո/
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը վստահ է՝ ընդդիմությունն արդեն իր ներսում է «պատերազմ» սկսել, քանի որ չի կարողանում լավագույնս կատարել իր պարտականությունները: «Որ մեր այսօրվա ընդդիմությունը, մեղմ ասած, իր հիմնական պարտականությունները լավ չի կատարում, դա փաստ է, և դա վատ է, քանի որ մեզ, որպես ժողովրդավարական հասարակություն, ուժեղ ընդդիմություն պետք է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ նրա՝ ուժեղ ընդդիմությունն անհրաժեշտ է ինչպես կառավարությանը, իշխանությանը, այնպես էլ հասարակությանը, որպեսզի զսպող ուժ հանդիսանա՝ քաղաքական գործընթացը ճիշտ ուժով տանելու համար: Մարտիրոսյանը չգիտի, թե արդյոք ՕԵԿ-ի ու ՀՅԴ-ի՝ ԱԺ-ում ունեցած բանավեճի պատճառն այն է, որ ՀՅԴ-ն, կարծես թե, դեպի կոալիցիա է գնում: «Կարծում եմ՝ բանավեճը, եթե քաղաքակիրթ դաշտում է, ընդունելի է»:
Հարցին, թե իշխանություններն արդյոք այնքան լավն են, որ իշխանության հետ բանավիճելու կարիք չկա, Մարտիրոսյանն ասաց. «Չէ, ուղղակի իշխանությունները, կառավարող ուժն այս պահին շատ ավելի հզոր է, քան ընդդիմադիր բոլոր ուժերը միասին վերցրած»: