Մեղքը միայն Բիբինի վրա գցելը ճիշտ չէ

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի խոսքով՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ վաղվա հանրահավաքին իրենց նոր ուժը՝ «Հայկական վերածնունդ միավորումը» մասնակցություն կունենա: « Կարծում եմ՝ թակացման հետ պետք չէ չհաշտվել: Եթե հաշվարկելու լինենք, անցյալ տարի օգոստոսին էր,երբ մենք միտինգ էինք անում, և հիմա դեռ մեկ տարին չլրացած՝ էլի բարձրանում է: Նշանակում է՝ մեկ տարվա կտրվածքով 11 դրամով թանկացել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ըստ վերջինիս՝ եթե որևէ մեկը սրա հետ հաշտվի, նշանակում է, որ մեր ժողովուրդն իր իրավունքները պաշտպանել չգիտի, մտահոգված չէ, կամ այնքան լավ է ապրում, որ այս մանր-մանր, բայց իրականում մեծ հետևանքներ ունեցող թանկացումներն իր վրա չեն ազդում: «Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մտահոգ է, գիտենք ,որ երկիրը սոցիալական ծանր վիճակում է գտնվում, և ամեն ընտանիքի վրա ունենում է լուրջ ազդեցություն և չի կարող չունենալ:
Դրա համար ես կհորդորեի ժողովրդին, հայրենակիցներին անպայման ընդվզել և թույլ չտալ ապաշնորհ քաղաքականության արդյունքը վճարել»: ՕԵԿ պատգամավորը շեշտեց, որ հիմնական քննադատությունն ուղղված է ՀԷՑ գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինին, բայց մինչ այդ պետք է հասկանալ, որ բոլոր մարզերի էլեկտրացանցերի պետերը եղել են ՀՀ քաղաքացիներ և նշանակվել են բարձր ատյանների հովանու ներքո:
«Այնպես չի, որ պատահական մարդիկ այսօր մեր երկրում կարող են դառնալ էլցանցի պետեր: Այս պետերին մենք ճանաչում ենք, գիտենք՝ ինչ կարգավիճակով են ապրում: Դուք գիտեք՝ ինչ հարստության տեր են, ինչպես են կարողացել այդ ամենին հասնել, և ինչու ենք նրանց ապաշնորհ քաղաքականության արդյունքում կանգնել այսպիսի 300 մլն պարտքի առջև»,-նկատեց նա: Հեղինե Բիշարյանն ասաց, որ պետք է լինի ուսումնսիրություն, որի հետևանքով կձերբակալվեն մարդիկ: