Վրեժը փակել է աղջկա բերանը, բռնություն գործադրելով՝ նստեցրել մեքենան. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է աղջկա առևանգման գործով դատապարտված չորս երիտասարդներից երկուսի վերաբերյալ բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Ըստ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտի՝ 27-ամյա Ժիրայր Հ.-ն ցանկացել է ամուսնանալ հավանած աղջկա հետ, բայց աղջիկը անընդհատ մերժել է:
Ժիրայրը, ի վերջո, համաձայնության է եկել իր հորեղբորորդու՝23-ամյա Ստեփանի, իր 23-ամյա ու 33-ամյա ընկերներ Վրեժի ու Վահրամի հետ՝ սիրած աղջկան ամուսնության նպատակով առևանգելու հարցով:
2015 թվականի փետրվարի 13-ին, ժամը 7-ն անց 50-ի սահմաններում Ժիրայրը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով վերոհիշյալ ընկերախմբի հետ գնացել է աղջկա բնակավայր ու սպասել է:
Երբ նկատել են փողոցով անցնող աղջկան, Վրեժը մոտեցել է նրան, ձեռքով փակել է աղջկա բերանը, գրկել է ու բռնություն գործադրելով, աղջկա կամքին հակառակ՝ նրան նստեցրել է Ժիրայրի մեքենան:
Մեքենայի հետևի նստատեղին նստած Ստեփանն ու Վահրամը օգնել են, որ աղջկան նստեցնեն մեքենա:
Այնուհետև Ժիրայրը մեքենան վարել է, աղջկա կամքին հակառակ նրան տարել են մարզի գյուղերից մեկը:
Ամբողջ ճանապարհին աղջիկը դիմադրել է, օգնություն է կանչել, չի հանգստացել: Ժիրայրը ոչ մի կերպ աղջկան համոզել չի կարողացել և, տեսնելով, որ բոլոր ջանքերն ապարդյուն են, աղջիկն իր հետ ամուսնանալ չի ցանկանում, Ժիրայրը նրան նույն մեքենայով, նույն օրը՝ ժամը 19-ի սահմաններում, վերադարձրել է տուն: