05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը փոխանցել է ողջ աշխատավարձը

Այսօր «Սինեմա Սթար» կինոթատրոնի նախասրահում «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները 300 հազարական դրամ հանձնեցին հանրապետության մանկատների  2014-15 ուստարվա բոլոր շրջանավարտներին:

Այս ծրագիրը հիմնադրամի կողմից կյանքի է կոչվում արդեն ութերորդ տարին անընդմեջ: Ինչպես միշտ, այս ուսումնական տարվա սկզբին ևս մանկատների կողմից ստացվել են տվյալ ուստարվա բոլոր շրջանավարտների տվյալները, նրանց համար բացվել են քարտային հաշվեհամարներ, որոնց էլ համամասնորեն փոխանցվել է ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի ողջ աշխատավարձը: Մնացյալ գումարը հավելվել է հիմնադրամի կողմից:

«Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունի հատկապես հասարակության աջակցության, օժանդակության կարիք ունեցողներին իրենց խնդիրների հետ միայնակ չթողնելու յուրաքանչյուրի պարտքի գիտակցումը՝ յուրաքանչյուր կազմակերպության, անհատի կամ ընտանիքի հնարավորությունների սահմաններում: Ուստի պատահական չէ մասնավորաբար մանկատների հետ կապված տարաբնույթ ծրագրերի իրականացումը հիմնադրամի կողմից, որոնցից մեկն էլ ավանդական դարձած այս ծրագիրն է»,-նշեց հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանը:

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը նշեց, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է կյանքի կոչել կրթության, մշակույթի, սոցիալական, առողջապահության և բազմաթիվ այլ ոլորտներում՝ մասնավորաբար մեծ ուշադրություն դարձնելով երիտասարդությանը վերաբերող խնդիրներին, երիտասարդների կրթության և մասնագիտացման հարցերում, նրանց վաղվա օրն առավել երաշխավորված տեսնելու ցանկությամբ:

Նա հույս հայտնեց, որ տրամադրվող գումարը կօգնի հասունության շեմին գտնվող երիտասարդներին մասնագիտություն ստանալու ճանապարհին կամ այնպիսի խնդիրների կարգավորմանը, որոնք կնպաստեն հետագայում հայրենի հողի վրա առավել ամուր կանգնելուն:

Հիմնադրամի ներկայացուցիչները Կարապետյանների անունից շնորհավորեցին շրջանավարտներին՝ կյանքի նոր փուլ սկսելու առթիվ, և մաղթեցին անհամեմատ անխոչընդոտ ապագա, քան եղել է նրանց մանկությունն ու պատանեկությունը:

Քարտերի հանձնման արարողությունից հետո հատուկ շրջանավարտների ու նրանց ուղեկցողների համար «Սինեմա Սթար» կինոթատրոնում կազմակերպվեց կինոդիտում:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ