28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԲ. Հայաստանի տնտեսական աճի հաջորդ կանխատեսումն ավելի դրական կլինի

Այս տարի կանխատեսվող Հայաստանի տնտեսական աճի շուրջ Հայաստանի իշխանությունների եւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների տարակարծությունները, կարծես թե սկսում են նվազել եւ մոտենալ միմյանց: Դրա հիմնական պատճառը հենց ինքն է` Հայաստանի տնտեսությունը, ավելի ստույգ` դրական տնտեսական ցուցանիշները այս տարվա առաջին 4 ամիսների ընթացքում:

Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեում դրված է 4,1 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, սակայն Համաշխարհային բանկը մեր երկրի համար կանխատեսում է 0,8 տոկոս տնտեսական աճ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը` անգամ մինչեւ 1 տոկոս անկում: Հայաստանի կառավարությունը եւ մասնավորապես վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահություն են հայտնում, որ տնտեսական աճը կլինի 2-3 տոկոսի շրջանակներում, նշելով, որ այդ ուղղությամբ իրենք քայլեր են իրականացնում:

Մինչդեռ, Համաշխարհային բանկը, հիմնվելով առավելապես համաշխարհային տնտեսության եւ մասնավորապես Հայաստանի տնտեսության վրա առավել մեծ ազդեցություն ունեցող Ռուսաստանի տնտեսության իրավիճակի հետ, Հայաստանի համար կանխատեսում է չնչին տնտեսական աճ: Սակայն, ինչպես արդեն նշեցինք, ՀԲ-ն կարծես թե հակվում է վերանայելու իր կանխատեսումը` այն բանից հետո, երբ հունվար-ապրիլ ամիսների Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպն ավելացավ եւ կազմեց 2,7 տոկոս: Այս հանգամանքը իր վերջին հարցազրույցում նշել է նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին:

«Համաձայն ենք կառավարության հետ, որ դրական ընթացքի նշաններ կան: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ նշանները դեռ բավականաչափ ուժեղ չէին, որպեսզի դրանց արդյունքում մենք փոփոխություն կատարեինք մեր կանխատեսումներում: Հաջորդ անգամ որ կանխատեսումը վերանայենք, հուսով ենք, որ ավելի դրական աճ կլինի այստեղ», ասել է ՀԲ գրասենյակի տնօրենը: Իր ներկայացրած կառույցում կարծիքի փոփոխությունը Լորա Բեյլին բացատրել է ինչպես տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով, այնպես էլ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերով:

«Ավելի դրական միտումներ եւ զարգացումներ ենք տեսնում պայմանավորված տարածաշրջանում եւ աշխարհում տեղի ունեցող միտումների հետ: Մի կողմից Ռուսաստանի անկումը չի շարունակվում, ռուբլու վիճակն է կայունանում, նավթի գները չեն նվազում, մյուս կողմից` Հայաստանի իշխանությունները նախաձեռնողականություն են ցուցաբերում` հատկապես արտահանման աջակցության ուղղությամբ եւ նկատվում են դրական զարգացումներ», դիրքորոշման փոփոխությունն այսպես է պարզաբանել Լորա Բեյլին: Ավեալցնենք, որ մի քանի օրից ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2015-ի հունվար-մայիս ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշը եւ տարեկան տնտեսական աճի պատկերը ավելի ուրվագծվող կդառնա:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ