Դիլիջանում նոր ներդրումներ կարվեն

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ներդրումների խրախուսման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրենքի նախագծին հարակից նախագծերի օրենսդրական փաթեթին կողմ քվեարկեց 72, դեմ՝5, ձեռնպահ՝ 22 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ իրենք ընդհանուր առմամբ կողմ են ներդրումների խրախուսմանը, սակայն ունեն որոշակի մտահոգություններ:
Մելքումյանի փոխանցմամբ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու օրենսդրական նախաձեռնությանը:
Փաթեթի ընդունումը պայմանավորված է Դիլիջան քաղաքը եւ հարակից տարածքները որպես կրթական, պատմամշակութային, զբոսաշրջության կենտրոնի ձեւավորման, քաղաքի եւ հարակից տարածքների ենթակառուցվածքների զարգացման կարեւորության անհրաժեշտությամբ: Նախագիծը բխում է նաեւ Դիլիջան քաղաքի գլխավոր հատակագծի, գոտիավորման, քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրերի միասնականության ապահովման, բարենպաստ ներդրումային միջավայրի ձեւավորման եւ սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունից: Հարցը մանրամասն քննարկվել է Դիլիջանի քաղաքային իշխանությունների, ինչպես նաեւ ՀԿ-ների հետ: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է Դիլիջանում ներդրումները խրախուսել հարկային և մաքսային արտոնությունների եղանակով: