Այսօր մերոնց համար վճռական կլինի Բաքվում
Բաքվում շարունակվող Եվրոպայի ամառային մարզական 1-ին խաղերի մրցակցային 6-րդ օրը` հունիսի 18-ին, պայքարի մեջ կմտնի Հայաստանի 5 ներկայացուցիչ:
Այս մասին Բաքվից տեղեկացնում է Հայաստանի պատվիրակության ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Կարեն Գիլոյանը:
Այսպես՝ 61 կգ քաշային կարգում հանդես կգա մինչև 23 տարեկանների այս տարվա Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը: 1/8-րդ եզրափակիչում նա ուժերը կչափի 2014 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ:
86 կգ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Եվրոպայի բազմակի մրցանակակիր Մուսա Մուրթազալիևը: 1/16-րդ եզրափակիչում նա կմրցի Թուրքիայի պատվիրակ Ահմեդ Բիլիչիի հետ:
Գերծանր քաշային կարգում էլ հանդես կգա Լևան Բերիանիձեն: Մեր մարզիկը պայքարը կսկսի 1/8-րդ եզրափակիչից և ուժերը կչափի օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, ռուսաստանցի Հաջիմուրադ Գացալովի հետ:
Ըմբշամարտի մրցաշարում նախնական փուլերի գոտեմարտերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով առավոտյան 9-ին: