19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչու՞ ոչ Փաշինյանը

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով՝ ժամանակ է պետք հասկանալու համար, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչ ազդեցություն կունենա քաղաքական դաշտի վրա: «Ժամանակ է պետք, որ տեսնենք այն ինչով է տարբերվում քաղաքական դաշտի մյուս կուսակցություններից, նոր դրանից հետո հասկանանք՝ ինչ հաջողացրեց նա անել, ինչ՝ ոչ, հիմա պիտի ընդամենը գուշակություններ անենք, եթե ասենք, որ ամեն ինչ կփոխի կամ ոչինչ էլ չի անի»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա:

Ըստ փորձագետի՝ պետք է հետևել, թե կուսակցությունն ինչպես է աշխատում հասարակության հետ, տարբեր հարցերում ինչպես է դրսևորում: Հարցին, թե կուսակցությունների առաջնորդները կապ ունեն կուսակցության նկատմամբ հասարակության ձևավորվելիք վերաբերմունքի հետ, Բադալյանը պատասխանեց. «Ընդհանրապես կուսակցությունները, խոսքը չի վերաբերում այս կուսակցությանը, առաջնորդներն, իհարկե, շատ մեծ նշանակություն ունեն տվյալ կուսակցության համար, որովհետև կուսակցության գաղափարախոսությունը շատ դեպքում հանդիսանում է հենց կուսակցության լիդերը: Օրինակ՝ այն ժամանակվա ԲՀԿ-ի գաղափարախոսությունը հենց Գագիկ Ծառուկյանի անձն էր կամ նրա կերպարը, այսինքն՝ կուսակցությունների համար լիդերները բավական մեծ նշանակություն ունեն, եթե դա լիդերների կուսակցություն է իր կառուցվածքով»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ին, ապա մեր զրուցակիցն ասաց, որ ընտրված առաջնորդը՝ Արայիկ Հարությունյանը, հասարակության համար փոքր-ինչ անծանոթ անձ է, և դա բացասաբար է անդրադառնում կուսակցության մեկնարկի վար: «Ի վերջո, երբ կուսակցությունը ստեղծվում է, սկզբի համար շատ կարևոր է նրա լիդերը, որովհետև ճանաչված լիդեր ունենալով՝ կարողանում է հասարակության մեջ կողմնակիցներ ձեռք բերել»:

Սակայն Բադալյանը վստահ է՝ փաստացի լիդերն, ուզի, չուզի, մնում է Նիկոլ Փաշինյանը, ով վարչության անդամ է և ՀԱԿ պատգամավոր: «Միգուցե հասկանալի է այս քայլի տրամաբանությունը. եթե կուսակցությունն անհաջողություն ունենա, կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ պատճառաբանել, որ դա իր ղեկավարած կուսակցության անհաջողությունը չէ, դա ուրիշի ղեկավարած կուսակցության անհաջողությունն է: Այսինքն՝ նախապես ալիբին արդեն ձևավորված է, եթե կուսակցությունն անհաջողություն ունենա: Չնայած նրանք նշում են, որ իրենց նպատակն առաջնորդ ունենալը չէ»:

Փորձագետը շեշտեց, որ քաղաքական ամենակարևոր խնդիրն այն է, որ Հայաստանում կուսակցություններն ընտրությունների միջոցով չեն գալիս իշխանության գլուխ, որովհետև այդ ինստիտուտը Հայաստանում այլևս չի աշխատում: «Այդ պատճառով դու կստեղծես կուսակցություն, թե չես ստեղծի, բայց եթե ցանկանում ես գալ իշխանության գլուխ՝ այս կամ այն լիդերով, պետք է ունենաս Արևմուտքի կամ Ռուսաստանի աջակցությունը, տվյալ դեպքում Մոսկվայի աջակցությունը, այլ դեպքում հաջողություն չես ունենա»,-եզրափակեց Արմեն Բադալյանը:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ