02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նա հմայիչ էր՝ նույնիսկ չսափրված … միլիարդատերը հմայել էր նախագահին

Պատգամավոր Մարգարիտ Եսայանը կիսվել է տարիներ առաջ մեծագույն հայի՝ Քըրք Քրքորյանի հետ հանդիպման հիշողություններով: 

«Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել անձամբ տեսնել, զրուցել եւ, կներեք՝ շոշափել մեր Քըրք Քըրքորյանին, լրագրողական կյանքիս լավագույն օրերից էր այդ օրը եւ հպարտության զգացողությունը, որ ՀԱՅԸ հենց նա է, ինձ երջանիկ էր դարձնում․․ Ցավում եմ, որ չկա այլեւս մեծ հայը․տխուր կորուստ է, մեր մեծության եւս մեկ կորուստ»: 

Ներկայացնում ենք լրագրող պատգամավորի հոդվածը: 

Ամերիկահայ հայտնի բիզնեսմեն, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը երեկ մեկնեց Երեւանից։ Մինչ օդանավակայան հասնելը վճռել էի նրան հարցնել, նախորդ առավոտ պարոն Քըրքորյանն իսկապես վազե՞ց, սակայն բազմաթիվ այլ հարցերի շարքում այս հարցը դուրս մնաց։ Այնուամենայնիվ, 84-ամյա բիզնեսմենի մարզական կեցվածքից, չափազանց առույգ ժպիտից եւ լրագրողուհիներիս նկատմամբ հրաշալի վերաբերմունքից, դժվար չէր կռահել, որ Քըրքորյանը հրաշալի վազորդ է, չի բացառվում՝ բասկետբոլիստ։

Թերեւս նաեւ այսպես կարելի է բացատրել միլիարդատիրոջ վստահությունը ՀՀ նախագահին։ Շուրջ 100 մլն դոլարի վարկը, որ նա վստահեց նախագահին, հրաշալի փոխանցման օրինակ է։ «Առավոտի» այն հարցին, թե ինչպես է իրականացնելու նվիրած գումարների վերահսկողությունը, բիզնեսմենը պատասխանեց. «Ես աս կառավարությանը կվստահիմ»։

«Սա ինձ համար նվիրական է» Լրագրողների այն հարցին, ճիշտ է արդյո՞ք, որ պրն Քըրքորյանը հավանել է Հայաստանը եւ որոշել է այստեղ սեփական տուն կառուցել, վերջինս պատասխանեց, որ սա իր համար նվիրական հարց է, իր ծնողներն այստեղ են ծնվել, քույրն այստեղ է թաղված (այստեղ ասելով, պարոն Քըրքորյանը նկատի ունի Արեւելյան Հայաստանը, ակնհայտ է, որ նրա համար Հայաստանն ամբողջություն էև Մ. Ե.), եւ հնարավոր է ինքն այդ մասին մտածի։

84-ամյա բիզնեսմենը բարգավաճում է ոչ միայն բիզնեսում «Առավոտի» այն հարցին, ճի՞շտ է արդյոք, որ պարոն Քըրքորյանը մեկ տարեկան զավակ ունի, ստացանք դրական պատասխան, սակայն պարզվեց, որ այդ զավակը ոչ թե մեկ տարեկան է, այլ «երեք ամսվա է»։

Իսկ թե բիզնեսմենը մտադի՞ր է որդու հետ գալ Հայաստան, եւ որդին իմանալո՞ւ է, որ ինքը հայ է ազգությամբ, պատասխանեց՝ անշուշտ։

Նա հմայիչ էր՝ նույնիսկ չսափրված Բոլոր բարդույթներից ազատ լինելու միակ ճանապարհը միլիարդատեր դառնալն է։ Սրանում մեկ անգամ եւս համոզվեցինք, երբ տեսանք Քըրք Քըրքորյանին շատ պարզ հագուկապով, չսափրված երեսով, իր տարիքի համեմատ չափազանց հմայիչ եւ երիտասարդ շարժուձեւով։

«Լա՜վն էր, չէ՞…» Ամեն ինչից երեւում էր, որ պարոն միլիարդատերը հմայել էր նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ վերջինս նրան ինքնաթիռ նստեցնելուց անմիջապես հետո հանեց իր սեւ պաշտոնական պիջակը եւ մնաց կիսաթեւ սպիտակ վերնաշապիկով։ Ձեռքի հրաժեշտի թափահարումից հետո, մոտենալով լրագրողներին, պրն նախագահը չթաքցրած հիացմունքով ասաց. «Լա՜վն էր, չէ՞…»։ Իհարկե լավն էր, մանավանդ նվերը։

«Առավոտի» այն հարցին, թե ինչպես պարոն նախագահին հաջողվեց շահել միլիարդատիրոջ վստահությունը, Քոչարյանը պատասխանեց. «Ինձ թվում է, նման հարցի պատասխանը չի լինում, ուղղակի չգիտեմ, ինչ-որ բան կատարվում է մարդու հետ, կամ վստահում ես, կամ չես վստահում։ Մեր առաջ խնդիրներ են դրված եւ այդ խնդիրները, ոնց որ ինքն է ուզում, կատարում ենք»։ Ժողովուրդը ե՞րբ կզգա այդ ներդրումների արդյունքը «Առավոտի» այս հարցին ՀՀ նախագահը պատասխանեց.

«Մենք պետք է հասկանանք, որ նույնիսկ շենք կառուցելու համար սկզբից ֆունդամենտի խնդիր կա։ Այո, բայց ինչքան ծրագիրը խոշոր է, ինչքան մեծ է, այնքան նախապատրաստական աշխատանքներն ավելի մեծ են լինում։ Հետո կան ֆինանսական շահեր, կան ընկերություններ, կան բանակցային պրոցեսներ։

Գիտե՞ք, մեզ թվում է, թե երկար է տեւում, զգացմունքների առումով ես համամիտ եմ, բայց երբ որ համեմատում ես նման գործարքների երկարատեւ կամ կարճատեւ լինելու հարցը, պարզվում է, որ նույնիսկ միջազգային ստանդարտներից ավելի կարճ ժամկետներում ենք լուծումները գտնում։ Սա մի պրոցես է, որ պետք է անցնենք»։

ԱԺ-ն կհրավիրի՞ արտահերթ նիստ՝ նվիրված «էս շոգին» Երեկ, երբ մի պահ թվաց, թե ՀՀ նախագահին տրված են բոլոր հարցերը, իսկ արեւը, հաշվի չառնելով պաշտոնների եւ դիրքերի տարբերությունը, ամենքիս հավասարաչափ այրեց, Քըրք Քըրքորյանի ինքնաթիռն էլ դեռ թափ էր հավաքում թռչելու համար, ավելի հարմար թեմա չգտնելով, լրագրողներից մեկը հարցրեց. «Բա էս շոգի հարցը ո՞նց է լինելու»։

ՀՀ նախագահն էլ արժանի հակահարված տվեց հարցին, ասելով, թե այդ հարցը պարտավոր է վճռել Ազգային ժողովը, իսկ ինքը պատրաստ է արտահերթ նիստ գումարելու հրամանագիր ստորագրել։ Սեւ, պաշտոնական կոստյում Պաշտոնատար անձանց օրն էլ օր չի, իսկ նրանց պահապաններինը՝ առավել եւս։ Այս շոգ ու կրակին խեղճերն իրենց սեւ ու պաշտոնական կոստյումների մեջ ուղղակի տանջամահ եղան։ Իսկ ամերիկահայ բիզնեսմենի թեթեւ հագուկապի կողքին, նրանք չափազանց սեւ ու մռայլ էին երեւում։ 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ